Ադրբեջանական «սև ցուցակները» չեն անհանգստացնում եվրոպացի պաշտոնյաներին և Արցախ այցելելու համար խոչընդոտ չեն: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախ այցելած Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը` նշելով, որ բնավ անհանգստացած չէ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հեռանկարով:
«Ես արդեն 30 տարի է` քաղաքականության մեջ եմ և աշխատել եմ տարբեր վարչակարգերի ժամանակ, երբ ինձ կարող էին նույնիսկ բանտ նստեցնել: Բայց ես ունեմ իմ սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ, և այդ առումով ինձ ոչինչ չի անհանգստացնում»,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է Եվրախորհրդարանի և եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը` հատուկ ուշադրություն դարձնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:
Խոսելով նախագահ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկած հարցերի շրջանակի մասին` Պրոտասևիչը նշել է, որ հիմնականում քննարկվել է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Արցախի մոտեցումը, մասնավորապես, եվրոպական կողմին հետաքրքրել է, թե ինչ ձևով կարող են այդ սկզբունքները վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Քննարկվել է նաև, թե ինչպես պետք է Եվրոպան աջակցի բանակցային գործընթացին, որպեսզի գտնվի հիմնախնդրի վերջնական կարգավորման` ժողովրդի համար ընդունելի տարբերակ: Լրագրողների պնդմանը, թե Արցախի ժողովրդի համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքները, Պրոտասևիչը պատասխանել է`դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն են տալու ժողովրդին իրենց կարծիքն ու կամքն արտահայտել, ինչն ամենակարևորն է, հաղորդում է Artsakhpress-ը:
«Թող ժողովուրդը խոսի, արտահայտի իր կարծիքն, որից հետո մենք կանենք համապատասխան հետևություններ»,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը` հավելելով, որ դա են պահանջում ժողովրդավարության սկզբունքները, որովհետև առկա հիմնախնդիրների վերջնական կարգավորման համար առաջարկվող լուծումները պետք է առաջին հերթին ընդունի ժողովուրդը:
Յացեկ Պրոտասևիչը նշել է նաև, որ Եվրախորհրդարանի համար շատ կարևոր է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, քանի որ այդ պատճառով, օրինակ, Եվրոնեստի աշխատանքները չեն կարողանում իրականացնել լիարժեքորեն: Այն հարցին, թե արդյոք Եվրոպան կարող է ազդել Ադրբեջանի վրա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար մեծացնում է լարվածությունն առաջնագծում, Եվրախորհրդարանի փոխնախագահը պատասխանել է, որ իրենք հիմնականում ունեն տնտեսական լծակներ, բայց, այնուամենայնիվ, Արևելյան գործընկերության շրջանակներում արվում է հնարավորը, որպեսզի ընդունելի լուծումներ գտնվեն:
Ժողովրդի կարծիքի, ինքնորոշման իրավունքի կարևորության մասին խոսել է նաև այս օրերին Ղարաբաղում գտնվող Եվրոպայի Ազատ Դաշինքի բյուրոյի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմին, որը մասնակցել է Արցախի ժողովրդավարական կուսակցության 4-րդ համագումարին, գրում է Karabakh-open.info կայքը:
Կարևորելով կուսակցության՝ Եվրոպայի Ազատ Դաշինքին անդամակցելու որոշումը, նա ընդգծել է, որ անկախության ձգտող պետության համար շատ կարևոր են եվրոպական հանրության հետ կապերը, և Ազատ Դաշինքի միջոցով Ղարաբաղը կարող է ավելի տեսանելի դառնալ Եվրոպայի համար, ամրապնդել իր դիրքերը Եվրամիությունում և կտրվել քաղաքական մեկուսացումից: ԱԺԿ-ի` Եվրոպայի Ազատ Դաշինքին անդամակցելու դիմումի պատասխանը, ըստ Միգել Մարտինես Թոմիի, կլինի ապրիլին: