9 հուլիսի 2014 - 14:47 AMT
Վիլյորբանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը պղծվել է

Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը հուլիսի 3-ին պղծվել է: Վանդալները վնասել են հուշարձանի մուտքի մոտ պատի մեջ տեղադրված պողպատե տառերը: Դրանց մի մասը պոկել են, կոտրել, ոլորել, մյուսների վրա ջնջել «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը» գրությունը:

Հուշարձանը բացվել էՎիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետի կողմից Ցեղասպանության 90-ամյակին ընդառաջ` 2005 թվականի ապրիլի 23-ին:

«Այս վայրագությունը ևս մեկ հարված է հասցնում 1915 թվականի երիտթուրքերի կառավարության ղեկավարությամբ ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակին: Սա զոհերի հիշատակի դեմ կատարվող հանցագործությունների երկար շղթայի միայն մի օղակն է: Հանցագործություն, որ դեռ չի ընդունվել թուրքական պետության կողմից, որը շարունակում է վարել ռազմատենչ մերժման քաղաքականություն: Մահացածների հիշատակի պղծումը ևս մեկ անգամ փաստում է Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, որին կողմ է նաև իշխանությունը»,- գրում է Nouvelles d'Arménie-ն: