21 հուլիսի 2014 - 17:10 AMT
Իրանը կատարել է խոստումը. Արևմուտքը պաչտավորվում է հանել պատժամիջոցների մի մասը

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները ստուգողական աշխատանքների արդյունքում հանգել են եզրակացության, որ Թեհրանը կատարում է խաղաղ համաձայնագրով սահմանված իր պարտականությունները և արդեն դադարեցրել է ուրանի հարստացման գործընթացը: Այդ մասին ասվում է Ատոմային էներգիայի հարցով միջազգային կազմակերպության զեկույցում:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Առաջին փոխանցումն Իրանը կարող է ստանալ արդեն փետրվարին:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, մեկնաբանելով Իրանի ու «վեցնյակի» Վիենայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 4 ամսով երկարաձգումը, խորհրդակցության ժամանակ հիմնական հարցերով շոշափելի առաջընթաց է գրանցվել, բայց դեռևս կարևոր հարցերում նշանակալի տարաձայնություններ կան:

Իր հերթին, ինչպես փոխանցում է BBC News-ը, արևմտյան գործընկերները խոստացել են «ապասառեցնել» իրանական ակտիվների մի մասը (100 մլրդ-ից 2.8 մլրդ-ն) և դադարեցնել որոշ պատժամիջոցների կիրառումը: Խոսքը հիմնականում բանկային ու նավթային ոլորտների մասին է: