25 հուլիսի 2014 - 11:53 AMT
ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում սոցիալական նշանակության 800 ապրանքների մաքսատուրքերը, հավանաբար, չեն փոխվի

Հայաստանը համաձայնեցրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միասնական մաքսային տուրքերի ցուցակից 800 անուն ապրանքների առգրավումը, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, այդ ապրանքների հարցում կողմերն արդեն համաձայնության են եկել և նոր առաջարկներ չկան: Ցուցակում սոցիալական նշանակության այն ապրանքներն են, որոնց դեպքում Հայաստանը ցանկանում է պահպանել գործող մաքսատուրքերը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում: Հիմնականում խոսքը հումքի մասին է, սննդամթերքի, դեղորայքի: Ավելի վաղ ասվել է, որ տուրքերը ԵՏՄ-ում միջինը երկու անգամ գերազանցում են Հայաստանում գործող դրույքները: Նախարարը ԵՏՄ-ին անդամակցելու ժամկետ չի նշել:

Հունիսի վերջում ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը բանակցություններ է պահանջում ԱՀԿ հետ գործընկեր երկրների օգտին փոխհատուցումների վերաբերյալ: «Եթե Հայաստանը հաջողությամբ միանա մեր ձևաչափին, ստորագրի համաձայնագիրն ու այն վավերացնի, ապա հարկ կլինի, որ Հայաստանը բանակցություններ սկսի ԱՀԿ հետ փոխհատուցումների մասին»,-ասել է նա:

Շուվալովը ճշտել է նաև, որ Հայաստանին հարկ կլինի միանալ միասնական մաքսային սակագնին, որն այսօր գործում է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի տարածքում: «Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը նա ստանձնել է ԱՀԿ շրջանակում: Քանի որ իրավիճակը Հայաստանի առևտրային գործընկերների համար փոխվում է, ապա Հայաստանն ըստ ԱՀԿ կանոնակարգի պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ»,-պարզաբանել է առաջին փոխվարչապետը:

ԱՀԿ հետ բանակցությունների առումով Հայաստանը պետք է որոշոկի փոխհատուցում ստանձնի, քանի որ որոշ ապրանքների առումով Հայաստանում տուրքերի դրույքաչափերը, որոնք համաձայնեցվել են ԱՀԿ-ին անդամակցելիս, ավելի ցածր են ներկայիս ՄՄ և ԵՏՄ անդամ երկրնեում կիրառվող միասնական մաքսատուրքից:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանադամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: