14 օգոստոսի 2014 - 15:16 AMT
Պուտինի ստորագրմանը կներկայացվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը (թարմացված)

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ՌԴ նախագահի ստորագրմանը ներկայացնելու առաջարկության մասին որոշումը: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ըստ որոշման, ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացրած և ՌԴ ԱԳ և գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ համաձայնեցված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծին»: Ինչպես նաև որոշել է ՌԴ նախագահին ներկայացնել վերոնշյալ պայմագիրը ստորագրելու մասին առաջարկը:

Ինչպես ասվում է ՌԴ կառավարության կայքում, «պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների մասին»:

Պայմանագիրը կանոններ է սահմանում, որոնք տարբերվում են ՌԴ օրենսդրությամբ նախատեսվածներից, մասնավորապես մաքսային և սակագնային կարգավորման, մտավոր սեփականության օբյեկտների իրավունքի պահպանման ու պաշտպանության, ներդրումների իրականացման, առևտրային ծառայությունների, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում: Ըստ 1995 թ. հուլիսի 15-ին ընդունած «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի, պայմանագիրը ենթակա է վավերացման:

Օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ անդամակցության մասին պայմանագիրը պետք է վավերացնեն նաև Ղազախստանն և Բելառուսը, ինչից հետո նոր միայն դա կարող է անել նաև Հայաստանը:

«Չեմ կարծում, թե դա մոտ օրերս կլինի: Դա կլինի միայն համաձայնեցումից հետո»,- նշել է նախարարը` հավելելով, որ կոնկրետ ժամկետի մասին տեղեկություն չունի, գրում է Armenia Today-ը:

Սոչիում օգոստոսի 9-ին տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետն ու պայմանները, որի վերաբերյալ փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: