Սեպտեմբերի սկզբին Հայաստանում սպասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ռուսաստանի վարչապետը Հայաստան կայցելի սեպտեմբերի 8-ից 9-ը: Այցի համար նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել իմ` ՌԴ կատարած վերջին այցի ընթացքում», - Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաք մասնակիցների հետ հանդիպմանը ասել է Աբրահամյանը:
Նա նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հանդիպել Վրաստանի ու Իրանի վարչապետների հետ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, իսկ սեպտեմբերի 15-ին ինքն Աբրահամյանը կմեկնի Իրան:
«Տնտեսական առումով սրանք մեզ համար շատ կարևոր երկրներ են: Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան»,- ասել է Աբրահամյանը, հաղորդում է ARKA-ն:
Հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին:
Միաժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո: Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: