Մարդասիրական բեռով 34 բեռնատար հատել է Ուկրաինայի հետ սահմանը «Իզյարինոյի» անցակետում, հաղորդում է Interfax-ը:
Բացի այդ, ինչպես հաղորդում է գործակալությունը, մարդասիրական օգնություն տանող ռուսական շարասյունը, որն ուղևորվում է Լուգանսկ, ուղեկցում են անջատողականները:
«Մենք ապահովում ենք մարդասիրական բեռի և այն ուղեկցողների անվտանգությունը: Շարասյունը շարժվում է անջատողականների հսկողությամբ»,- հայտարարել են Լուգանսի ժողովրդական հանրապետության անջատողականների շտաբում:
Մինչդեռ Ուկրաինայի իշխանությունների աղբյուրը հայտնել է, որ ռուսական շարասյունը սկսել է տեղաշարժն առանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցության և առանց ուկրաինական կողմի թույլտվության:
Ավելի վաղ ռուսական իշխանությունների հայտարարություն էին տարածել` առանց Կիևի համաձայնության Ուկրաինայի արևելք մարդասիրական օգնությունն ուղղելու մտադրության մասին:
«Ռուսական կողմը որոշել է գործել: Մարդասիրական բեռով մեր շարասյունը սկսում է ընթացքը Լուգանսկի ուղղությամբ»,- նշվում է օգոստոսի 22-ի ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան համաձայն է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությանը և օգնությունը բաժանելու ընթացքում նրանց մասնակցությանը: Միաժամանակ ԱԳՆ-ն նախազգուշացրել է՝ չփորձել «տապալել զուտ մարդասիրական առաքելությունը»:
Շարասյունը բաղկացած է 280 բեռնատարներից: Նրանք տանում են դեղորայք, սննդամթերք, դիզելային գեներատորներ ծանր վիճակում հայտնված մարդկանց համար: Օգնությունը հավաքել են Մոսկվայի և Մոսկովյան շրջանի բնակիչները: Օգոստոսի 12-ին ՌԴ ԱԳՆ-ն նոտա ստացավ Ուկրաինայի ԱԳ նախարարությունից՝ օգնությունն ընդունելու պատրաստակամությամբ:
Ինչպես հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան հաշվի է առել ուկրաինական կողմի բոլոր նկատառումները, ներառյալ երթուղին, որն առաջարկել է Կիևը, չնայած, որ դա ենթադրում է, որ հարկ կլինի մեծ շրջադարձ անել: Նախարարը նաև հայտնել է, որ Ուկրաինան հրաժարվել է վերաբեռնել ամբողջ բեռը իր տրանսպորատյին միջոցների վրա սահմանին զննելուց հետո: Բանակցությունների ընթացքում կար նման առաջարկ:
Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները երաշխավորել են ռուսական հումանիտար առաքելության անվտանգությունն իրենց կողմից վերահսկվող տարածքում: