6 սեպտեմբերի 2014 - 12:46 AMT
ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում անտեսվում է ժողովրդների ինքնորոշման իրավունքը

ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում, միջազգայն իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների հիման վրա, ասվում է Ուելսում աշխատանքն ավարտած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:

Փաստաթղթում ասվում է, որ սառեցված հակամարտությունները առանձնակի մտահոգություն են առաջացնում, խաթարելով տարածաշրջանի բնակիչների հնարավորությունները՝ բացահայտել սեփական ներուժը որպես եվրաատլանտյան ընկերակցության անդամ: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական և ամուր քաղաքական կամքով ձեռնամուխ լինել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործին բանակացությունների հաստատված շրջանակներում»,-ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, հռչակագրում ասվում է, որ «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի օկուպացիան ու ռազմական ներխուժումը Արևելյան Ուկրաինա օրինական մտավախություններ են առաջացրել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ գործընկերների մոտ: Ասվում է, որ դա «խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև լրջորեն խաթարում է միջազգային իրավունքն ու մարտահրավեր է եվրաատլանտյան անվտանգությանը»: Նշենք, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում ոչ մի խոսք չկա ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հրաժարվել ինքնահռչակ Ղրիմի բռնակցումից, որը մենք չենք ճանաչում և չենք ճանաչելու: Ռուսաստանը պետք է հրաժարվի Ուկրաինայի աևելքում անջատողականներին սատարելուց և ձեռնպահ մնա հետագա ագրեսիվ քայլեից Ուկրաինայի դեմ: Ռուսաստանի զինվորականների ցանկացած միակողմանի ռազմական կամ դիտորդական գործողություն Ուկրաինայում, ցանկացած քողի տակ, դաշնակիցները գնահատում են որպես միջազգային իրավունքի աղաղակող խախտում»,-ասվում է փաստաթղթում:

Ինչպես ասվում է հռչակագրում, դաշնակիցները սատարում են գործընկերների «արտաքին քաղաքականության ոլորտում և անվտանգության քաղաքականության մեջ ինքնուրույն և ինքնիշխան ընտրություն կատարելու իրավունքին, ազատ արտաքին ճնշումից և պարտադրանքից: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանությանը սատարելու գործին»: