9 սեպտեմբերի 2014 - 18:50 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Մենք ուշադիր հետևում ենք 2015-ի նախօրյակին Հայաստանի քայլերին

Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին ու Հայոց ցեղասպանության թեմային` կրկնելով թուրքական ժխտողական թեզերը:

Anadolu գործակալության լրագրողի այն հարցին, թե Հայաստանի հետ հարաբերություններն ինչ փուլում են գտնվում, Չավուշօղլուն պատասխանել է.

«Մենք ուշադիր հետևում ենք 2015-ի նախօրյակին Հայաստանի քայլերին: Դրանք արդար չեն: Հնարավոր չէ միակողմանի ու անարդար հիշողության հիման վրա լուծել գոյություն ունեցող խնդիրները»:

Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցաոռւմների համակարգման պետական հանձնաժողովի չորրորդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015 թ. ապրիլի 24-ին: «Պաշտոնապես հրավիրում են Թուրքիայի նախագահին, որը հայտնի կդառնա առաջիկա նախագահական ընտրություններում, 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան ու առերեսվել սեփական պատմության հետ:

Չավուշօղլուն հիշեցրել է նաև Էրդողանի` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի մասին, որով առաջարկվում էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել, գրում է Civilnet-ը:

«Թուրքիան չի ցանկանում քաղաքականացնել այդ հարցը (Հայոց ցեղասպանության): Միակողմանի հիշողությամբ հնարավոր չէ դա անել: Այդ պատճառով էլ շատ ենք կարևորել նման հանձնաժողովի ստեղծումը, սակայն, ցավոք, Հայաստանն անպատասխան է թողել մեր առաջարկը: Այժմ Հայաստանն ու հայկական սփյուռքը երրորդ երկրների միջոցով գործողություններ են ձեռնարկում: Տեսնում ենք, որ որոշ երկրների խորհրդարաններ այդ հարցի վերաբերյալ որոշումներ են ընդունում: Մենք կարծում ենք, որ պատմական և զգայուն հարցերի վերաբերյալ նման որոշումներ կայացնելը ճիշտ չէ: Հատկապես շատ սահմանափակ պատմական տեղեկությունների հիման վրա նման որոշումներ կայացնելը խնդիրներ է առաջացրել ու կառաջացնի: Այն խաթարել է երկկողմ հարաբերություններն ու վատ անդրադարձել շատ երկրների հետ հարաբերությունների վրա: Մենք ցանկանում ենք այս գործը թողնել պատմաբանների դատին»,- ասել է Չավուշօղլուն:

Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է:

Ֆրանսիայից բացի, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է քննարկվում նաև Հունաստանում՝ խորհրդարանի օրակարգում է խտրականության, անհանդուրժողականության և ռասիզմի դեմ օրենքի նախագիծը, որով պատիժ է նախատեսվում սահմանել այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտման համար: Օրերս հայտնի դարձավ, որ Էրդողանը զգուշացրել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, որ օրինագիծը կարող է բարդությունների պատճառ դառնալ հույն-թուրքական հարաբերություններում: Հունական կողմն, իր հերթին, նշել է, որ օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Օրինագիծն, ըստ Աթենքի, նախապատրաստվել է որպես հարգանքի տուրք զոհերին և ոչ մի կապ չունի ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերությունների հետ:

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ են գործում Շվեյցարիայում և Սլովակիայում: