13 սեպտեմբերի 2014 - 17:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շառլ Ազնավուրը պատրաստվում է հանդիպել Թուրքիայի դեսպանի հետ. «Ես նրանց դեմ ոչինչ չունեմ»

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը պատրաստվում է հանդիպել Թուրքիայի դեսպանի հետ` քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները: Այս մասինThe Hollywood Reporter-ին սեպտեմբերի 13-ին Լոս Անջելեսի Greek Theater համերգասրահում կայանալիք համերգին ընդառաջ տված հարցազրույցում հայտարարել է ինքը երգահանը:

«Ես աշխատում եմ և հետո նոր ասում մարդկանց, թե ինչ եմ արել: Ես չեմ հարցնում նախագահին՝ ինչ պետք է անեմ: Մտածում եմ՝ դա չափազանց բարդ կլիներ: Օրինակ՝ առաջիկայում հանդիպում ունեմ Թուրքիայի դեսպանի հետ, ինչը հազվադեպ բան է: Ես չեմ ուզում ասել այդ մասին մինչև չգնամ, որովհետև նրանք կասեն՝ «Մի՛ արա դա» կամ «Մի՛ գնա այնտեղ», իսկ ես ուզում եմ ազատ մարդ լինել: Խնդիրներ կան ոչ միայն թուրքերի հետ, որոնք չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև որոշ հայերի հետ, որոնք չեն ուզում` ես բարեկամական լինեմ թուրքերի հետ: Ես նրանց դեմ ոչինչ չունեմ, որովհետև նրանք չեն իրագործել ցեղասպանությունը, այլ` նրանց պապերը: Ապրիլի 15-ին կլինի արդեն 100 տարի, ինչ թուրքերը չեն ճանաչում ցեղասպանությունը, և եթե ես կարող եմ այդ հարցում ինչ որ կերպ օգնել, ես դա կանեմ: Ես հուսով եմ` կարող եմ օգնել, որպեսզի երկու երկրների միջև մի բան տեղի ունենա»,- ասել է Ազնավուրը:

2009-ի մայիսից Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ազնավուրը նաև նշել է, որ կարող է ակտիվ լինել դիվանագիտության մեջ.

«Օրինակ՝ մենք 12.000 մարդ ենք Սիրիայից բերել Հայաստան: Մենք պետք է նրանց դուրս հանենք երկրից, որովհետև նրանք կսպանվեն քրիստոնյա լինելու համար: Ոչ միայն քրիստոնեա հայերը, այլև եզդիներն ու քրդերը, որոնք մահմեդական են, սակայն այլ կերպ են ապրում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա բնավ քաղաքականության հարց չէ, այլ` դիվանագիտության:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

ՖՈՏՈՇԱՐՔ