5 հունիսի 2006 - 14:19 AMT
Մոսկվայում բողոքի ցույց է անցել ազգային հողի վրա սպանությունների դեմ
Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել բողոքի ակցիա, ի հիշատակ այն մարդկանց, որոնք զոհվել են մաշկագլուխների ձեռքից ազգային թշնամանքի եւ անհանդուրժողականության հողի վրա: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ակցիան կազմակերպել էին մի խումբ հայ երիտասարդներ եւ մասնակիցները եւս հիմնականում Մոսկվայի եւ Մերձմոսկովյան շրջանների հայ երիտասարդության ներկայացուցիչները: Կազմակերպիչների թվում են` ՄՊՀ ուսանողներն ու դասախոսները, ինչպես նաեւ մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ, ինչպես օրինակ` ՄՊՀ Հայկական ուսանողական ասոցիացիան եւ Հայ երիտասարդության ինտելեկտուալ համագործակցության միությունը: Հայտնի է, որ Ռուսաստանի հայերի միությունը հրաժարվել է մասնակցել ակցիային, պատճառաբանելով թե ակցիան արտոնված չէ իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մոսկվայի մերձքաղաքային էլեկտրագնացքում սպանվեց 19-ամյա հայ երիտասարդ Արթուր Սարդարյանը: Հետաքննությունը գտնում է, որ հանցագործությունը կատարվել է ազգային ատելության հողի վրա: Երկու անհայտներ դանակահարել են պատանուն տասնյակ վկաների աչքերի առջեւ: Վերջին ժամանակներս սա հայերի առաջին սպանությունը չէ: Ապրիլի 22-ին Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում բազմաթիվ վկաների աչքի առաջ մաշկագլուխները դանակահարեցին 17-ամյա ուսանող Վիգեն Աբրամյանցին: Նրա չորս ընկերները ծեծի են ենթարկվել, երկուսը վնասվածքներ են ստացել: Հետաքննությունը դիտարկում է այս գործում նաեւ ազգային հողի վրա սպանության վարկածը: Հանցագործների որոնումներն արդյունք չեն տվել: