5 հունիսի 2006 - 18:51 AMT
Երեւանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ
«Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Թուրքիայի հետ` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովում: Հայաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գործնականում իրագործել է ինքնորոշման իր իրավունքը: «Այն կատարվել է միջազգային իրավունքի նորմերին լիարժեք համապատասխանությամբ: Անկախության հանրաքվեի արդյունքները նաեւ պաշտպանվել են այս ժողովրդին պարտադրված պատերազմում: Այդ իրադարձությունները ընթացել են Խորհրդային կայսրության փլուզման հետ կապված գլոբալ փոփոխությունների համատեքստում: Սա տարանջատվելու ճանապարհով ինքնորոշման քրեստոմատիկ օրինակ է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ արդեն 15 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը` իր ձեռքբերումներով եւ պետականության կառուցմամբ: «Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ պաշտպանը: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են արդյունավետ ջանքեր Հանրապետությունը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրելու համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: