19 սեպտեմբերի 2014 - 12:01 AMT
Կալիֆորնիայի դպրոցներում կուսումնասիրեն Հայոց ցեղասպանությունը. Օրենքը ստորագրվել է

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է Ադրին Նազարյանի առաջարկած AB 1915 օրինագիծը, որով նախատեսվում է նահանգի դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների մասին վկայությունների ներառում, հայտնում է Asbarez-ը: Մասնավորապես, օրենքով նախատեսվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերում, Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների կիրառման ընդլայնում: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Փաստաթուղթը ներառվել էր Սենատի օրակարգում 2014-ի ապրիլին, որից հետո ներկայացվել քննարկման ու իրավական փորձաքննության:

Օգոստոսի վերջում օրինագիծը հավանության արժանացավ Կալիֆորնիայի Սենատում:

2014-ի հունվարին, չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմակայությանը, օրինագծի օգտին քվեարկել է Կալիֆորնիայի նահանգի Ժողովը:

«Այն, որ օրինագիծը միաձայն ընդունվեց, վկայում է այն մասին, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չեն կարող կաշառված լինել կամ մերժել ճշմարտությունն ու արդարությունը»,-այն ժամանակ հայտարարեց Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Մինչ այդ օրինագիծը միաձայն ընդունվեց Պետական վեհաժողովի կրթության ու հատկացումների կոմիտեում:

«Կալիֆորնիայի ուսանողների համար շատ կարևոր է պատմության դասերը հասկանալ և ուսումնասիրել տարբեր երկրներում ցեղասպանության փաստերը: Ես հպարտ եմ, որ սատարել եմ օրինագծին, որը հորդորում է դպրոցներին ներառել Հայոց ցեղասպանության թեման դասընթացում»,-հայտարարել է կրթության կոմիտեի նախագահ Ջոան Բյուկենենը:

Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական ծրագրերում: