25 սեպտեմբերի 2014 - 14:55 AMT
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լոս Անջելես-Երևան մոտոարշավ կանցկացվի

Հայ բայքերների Armenian Brigade ակումբը Լոս Անջելես-Երևան ավտոարշավ կկազմակերպի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Այդ մասին, ըստ «Նովոստի Արմենիա» գործակալության, հայտարարել է ակումբի հիմնադիր Հարութ Բոգարյանը: «Ամենակարևորը մեզ համար մեր ավանդն ունենալն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Մենք պարբերաբար ակցիաներ ենք կազմակերպում Թուրքիայի դեսպանատան առջև և որոշեցինք խոշոր ակցիա կազմակերպել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ»,-ասել է նա: Լոս Անջելեսից Երևան կմեկնեն մոտ 40 բայքերներ, որոնք Ծիծեռնակաբերդ կբարձրանան մոտոցիկլետներով, իսկ մյուսներն ակցիա կկազմակերպեն ԱՄՆ-ում:

Ըստ Բոգարյանի, մոտոարշավի ընթացքում ակցիաներ կկազմակերպվեն հայերի հանդեպ անբարյացակամ տրամադրված պետությունների դեսպանատների առջև: «Մենք կրելու ենք պաստառներ ու դրոշներ, իրազեկելու համար հանրությանը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնելու այն ժողովրդներին ու երկրներին, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը»,-ասել է նա:

Մոտոարշավի ծրագրով նախատեսվում է ընդգրկել նաև եվրոպական երկրները, սակայն ամեն ինչ կախված է եղանակից, ըստ օդերևութաբանների, ամբողջ մարտ ամսվա ընթացքում Եվրոպայում սպասվում են ձյան տեղումներ, իսկ նման պայմաններում մենք չենք կարողանա մեր ակցիան իրականացնել: Եթե ստիպված լինենք բացառելու Եվրոպան, կերկարացնենք երթուղին ԱՄՆ-ում և ավելի շատ ժամանակ կանցկացնենք Երևանում»,-ասել է նա:

Ակումբը ստեղծվել է ԱՄՆ-ում 2014-ի հունվարին հինգ ամերիկահայ բայքերների ջանքերով: