ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել է Աբխազիայի Հանրապետություն՝ մասնակցելու համար հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբայի երդմնակալության արարողությանը:
Նույն օրը ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Սուխումի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 դպրոց և մասնակցել աշակերտների կազմակերպած հանդիսավոր միջոցառմանը:
Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԽ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու հանրապետություններում պետականաշինության հետ կապված հարցեր և նշեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ ներուժը, որն առկա է Արցախի ու Աբխազիայի միջև:
Աբխազիա ուղևորության ընթացքում ԼՂՀ ԱԺ նախագահին ուղեկցում է ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:
Ռաուլ Հաջիմբան Աբխազիայի նախագահ դարձավ՝ հաղթելով երկրի նախագահի 2014թ. օգոստոսի 24-ի արտահերթ ընտրություններում: Հաջիմբան հավաքեց ընտրողների ձայների 50,6 տոկոսը:
Հայերն Աբխազիայի երկրորդ ամենամեծ համայնքն են, ըստ պաշտոնական տվյալների նրանց թիվը գերազանցում է 40 հազարը, դա բնակչության մեկ հինգերորդն է: