27 սեպտեմբերի 2014 - 09:54 AMT
«Մեծ ամոթ». Թուրքական պատմության դասագրքերը հայերի նկատմամբ ատելություն են սերմանում

Թուրքական դպրոցների պատմության դասագրքերում արդեն որերորդ անգամ տեղ են գտնել կրոնական և ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք պարունակող արտահայտություններ: Հեղափոխության պատմության դասագրքերը աշակերտներին սովորեցնում են Օսմանյան կայսրության անկումից հետո Թուրքիայի առաջին կառավարության կողմից իրականացվող հակահայ բարեփոխումները, գրում է թուրքական Today's Zaman-ը:

, որ մի խումբ թուրք մտավորականներ, գրողներ, ակադեմիկոսներ և արվեստագետներ դասագրքերը քննադատող հայտարարություն են տարածել: Հայտարարության տակ ստորագրած 5 տասնյակից ավելի մտավորականները, որոնց շարքում են Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը, Ֆաթիհ Աքինը, Ահմեթ Հաքանը, Ալի Նեսինը, Ալի Բայամօղլուն, Բասքըն Օրանը, Հասան Ջեմալը, Մուրաթ Բելգեն, նմանատիպ արտահայտություններ պարունակող գրքերով ուսուցումը «մեծ ամոթ» են որակել, հաղորդում է Ermenihaber-ը` T24-ին հղումով:

Նրանք պատմության դասագրքերը ուսումնական ծրագրից հանելու և հայ աշակերտներից ներողություն խնդրելու կոչ են արել:

«Այս կոչը մեզ հիշեցնում է, թե որքան մեծ կարևորություն ունի այնպիսի դասագրքերի պատրաստումը, որոնք էթնիկ, կրոնական խմբերի միջև ոչ թե ատելության, այլ խաղաղության, եղբայրության և համակեցության զգացումներ կխրախուսեն և կներկայացնեն ոչ թե սուտը, այլ ճշմարտությունը»,- խոսելով մտավորականների հայտարարության մասին` ասել է պատմաբան Թաներ Աքչամը:

2009-ին Թուրքիայի կրթության նախարարությունը հրատարակել էր ևս մեկ դասագիրք, որը դպրոցականներին սովորեցնում է հետապնդել քրիստոնյաներին: 13-ամյա դեռահասներին սովորեցնում են «դիմակայել քրիստոնեական առաքյալներին, որոնք վտանգ են ներկայացնում երկրի ազգային միասնության ու մշակույթի համար»: Դասագրքի հեղինակը պնդում է, որ առաքյալները «փորձում են իշխանության հասնել», և խորհուրդներ է տալիս, թե ինչպես «ճանաչել նրանց ռազմավարությունը»:

Թուրքիայի Քրիստոնեական Եկեղեցիների Միությունն իր բողոքն էր արտահայտել դասագրքի դեմ: Նա ընդգծել էր, որ դասագիրքը երեխաների մեջ սերմանում է հին աշխարհայացքներ` «Թուրքիայի դեմ քրիստոնեական դավի» մասին: «Նման պնդումները երիտասարդներին հրահրում են մեր համայնքների վրա հարձակվելու` թույլ տալով մտածել, որ այդպես նրանք պայքարում են ԿՏՎ գործակալների դեմ»,- ասվում էր փաստաթղթում:

Photo: Today's Zaman