1 հոկտեմբերի 2014 - 17:50 AMT
ՀԱՊԿ-ը Հավաքական ավիացիոն ուժեր է ստեղծում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի ընդլայնված նիստում համաձայնեցվել է Հավաքական ավիացիոն ուժերի մասին նախագիծը:

Ըստ կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի, ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի կազմում կընդգրկվեն կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի, ներքին գործերի մարմինների, ներքին զորքերի, անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ոլորտի լիազորված մարմինների, ռազմատրանսպորտային ու հատուկ ավիացիոն կազմավորումները: «Յուրաքանչյուր երկրից թռչող սարքերի քանակը, տեղակայման վայրերը, անձնակազմի քանակը հստակեցվում է: Որոշովել է փաստաթղթի նախագիծը ներկայացնել կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,-ասել է Զայնետդինովը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Նա հիշեցրել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ «ՀԱՊԿ ուժերը պատրաստ են մասնակցել ցանկացած բարդության խաղաղապահ առաքելության: Սակայն իրադարձությունների զարգացման նման սցենար հնարավոր է միայն համատեղ որոշման արդյունքում ըստ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ գործող համաձայնագրերի»:

ՀԱՊԿ մշտական խորհուրդը նաև սկսել է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում հավաքական անվտանգության համակարգերի ու ստորաբաժանումների ժամանակավոր կացության հետ կապված իրավասության և իրավական աջակցության հարցերի վերաբերյալ համաձայնագրի նախագծի քննարկումը: Բացի այդ, համաձայնեցվել է ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի ու Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշման նախագիծը 2015 թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ միջոցառումների օպերատիվ և մարտական պատրաստականության մարմինների կառավարման ծրագրի մասին:

Հուլիսին Բորդյուժան հայտնեց, որ մասնակից երկրները պայմանավորվել են համատեղ գործողությունների մասին սահմանամերձ հակամարտությունների դեպքում: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարեց Տոկմակում «Անկոտրում եղբայրություն-2014» խաղաղապահ զորավարժանքների բացման արարողությանը: Նշվեց ռազմական գործակցության ու համատեղ խաղաղապահ գործողությունների անցկացման կարևորությունը:

Օրերս Բորդյուժան Նյու Յորքում հանդիպում ունեցավ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ՄԱԿ խաղաղության աջակցության գործառնությունների գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուսի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերոտ Զանիերի հետ: Հանդիպումների գլխավոր թեման էր ՄԱԿ և ՀԱՊԿ համագործակցությունն ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, հումանիտար օգնության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը դրական գնահատեց գործակցությունը երկու կազմակերպությունների միջև, որը հաջող զարգանում է ճգնաժամային արձագանքման ու կանխարգելիչ դիվանագիտության, Աֆղանստանում կարգավորման, ահաբեկչության ու թմրանյութերին հակազդեցության գործում: