2 հոկտեմբերի 2014 - 15:00 AMT
Կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծին

Հոկտեմբերի 2-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին:

Ինչպես հիշեցրեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, պայմանագիրը բաղկացած է բուն տեքստից և հինգ հավելվածներից: Ըստ փաստաթղթի, Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից: «Պայմանագրով նախատեսվում է համատեղ որոշումների կատարում, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ վեճերի կարգավորման հարցերը»,- հավելել է փոխնախարարը:

Սահմանվել է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ անցումային փուլում Հայաստանի համար կիրառվելու են միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր:

Կառավարության հավանությանն արժանանալուց հետո պայմանագրի նախագիծը կուղարկվի ԱԺ վավերացման: Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել էր պայմանագրի նախագիծն ու հավելվածները: Մասնավորապես.

• ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց պետք է միանա Հայաստանը

• ԵՏՄ մասին պայմանագրում և միջազգային պայմանագրերում ՀՀ անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

• Պայմաններն ու անցումային դրույթները

• Ապրանքների ու դրույքների ցանկը, որոնց համար անցումային շրջանում Հայաստանը կիրառելու է ներմուծման մաքսատուրքեր, որոնք տարբերվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնի դրույքներից

• ԵՏՄ տարածքից երրորդ երկրների տարածքով ԵՏՄ տարածք տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունների մասին արձանագրությունը:

Հոկտեմբերի 1-ին պայմաանգիրը վավերացրեց Ռուսաստանի Դաշնության խորհուրդը: Սենատորները վավերացման մասին որոշումը միաձայն կայացրեցին՝ կողմ քվեարկեց նիստին մասնակցող 140 խորհրդարանականները: Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին, Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում այդ մասին հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան:

Սեպտեմբերի սկզբին պայմանագիրն ուղարկվեց չորս երկների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների հաստատմանը: Ստորագրման օրվա մասին վերջնական որոշումը կայացնելու են չորս երկրների նախագահները:

Չի բացառվում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում: