14 հոկտեմբերի 2014 - 13:01 AMT
«Կոմերսանտ». Ադրբեջան ռուսական զենքի արտահանման ծավալը կարող է հասնել 5 մլրդ դոլարի

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու երկու հիմնական նպատակ ուներ. հարթել ԵՏՄ-ի հետ Հայաստանի մերձեցման բացասական ազդեցությունն ու քննարկել նոր ռազմական առաքումների հարցը, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն պայմանավորվել են մի շարք համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել 2015-ին: Բացի այդ, նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների 2015 թ. փոխգործակցության ծրագիրը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», բանակցությունները նվիրված էին գործակցությանը կադրերի պատրաստման (այժմ 9 ռազմական համալսարաններում ուսում է անցնում 57 ադրբեջանցի զինծառայող) և ռազմատեխնիկական գործակցության զարգացման հարցում: «Ադրբեջանը հետաքրքրված է ափամերձ հրթիռային «Բալ-Է» համալիրի գնումով, որն այժմ շահագործում է ՌԴ ՌԾՈւ Կասպից նավատորմի ափամերձ դիվիզիոնը Իզբերբաշում»,-գրում է պարբերականը: Ըստ պարբերականի աղբյուրի «Ռոսօբորոնէքսպորտում», սպառազինությունների առաքման ընդհանուր ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել մոտ 5 մլրդ դոլարի:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն առաջարկել էր Ադրբեջանին արդիականացնել Տ-72 տանկը՝ հասցնելով այն տանկերի կրակային աջակցման «Տերմինատոր» մարտական մեքենաների մակարդակին, Տ-90 տանկերի նոր խմբաքանակ և «Ալիգատոր» մարտական ուղղաթիռներ գնել:

Վերջին ամիսներին Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել C-300 ՀՕՊ, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենա, «Բուրատինո» տիպի ծանր կրականետ համակարգեր, զրահատանկային մեքենաների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, «Վենա» և «Մստա-C» ինքնագնաց հրետանային սարքեր, ինժեներային տեխնիկայի լայն տեսականի, բացել է հրաձգային զենքի արտոնագրված արտադրություն:

Ռուսաստանին է բաժին ընկնում Ադրբեջանի ռազմական գնումների 80 տոկոսը: Բաքուն զենք է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Իսրայելից:

Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանում նախատեսվում է բացել խորհրդային և ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն: Ինչպես ԱՊԱ-ին էին հայտնել «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունում, հարցը քննարկվել է անցած ամիս Բաքվում տեղի ունեցած «ADEX-2014» ցուցահանդեսի շրջանակում: Կենտրոնում կվերանորոգվեն ու կարդիականացվեն խորհրդային և ռուսական արտադրության ռազմական և քաղաքացիական «Մի» և «Կա» ուղղաթիռները, որոնք շահագործվում են Ադրբեջանում: Կենտրոնը նաև այլ երկրների պատվերներ կկատարի: