20 հոկտեմբերի 2014 - 16:12 AMT
Անին պետք է վերակառուցել և բացել հայերի համար. 2015-ին ընդառաջ` խորհուրդներ Թուրքիայի կառավարությանը

Թուրքական Star թերթում հրապարակված հոդվածում լրագրող Ռեջեփ Գյուվելիօղլուն թուրքական կառավարությանը խորհուրդ է տալիս 2015-ին ընդառաջ ուշադրության կենտրոնում պահել Հայաստանից Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած հայերին և վերակառուցել Անին:

Նա գրում է, որ հաջորդ տարի օրակարգում շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության հարցը:

«Առանց ցեղասպանությունը ճանաչելու հնարավոր է որոշ քայլեր անել, որոնք, եթե շարունակական լինեն, Թուրքիայի մասին լավ տպավորություն կստեղծեն:

Դա երկու ուղղությամբ կարելի է անել. առաջինն այն է, որ Հայաստանից աշխատելու նպատակով Թուրքիա եկած հայերի համար հնարավորություններ ստեղծվեն: Մեր հայ քաղաքացիների հարցից առհասարակ խոսելն ավելորդ է: Ինչպես որ ես եմ, ինչպես որ մեր նախագահն է, նույն կերպ էլ նրանք են այս հայրենիքի քաղաքացիները»,- նշել է հոդվածագիրը, մեջբերում է Tert.am-ը:

Նրա երկրորդ խորհուրդը փոքր-ինչ տարբեր է.

«Անին հայերի համար հավատքի կենտրոն է: Անին մեզ համար էլ է կարևոր: Տարիներ շարունակ ավերված Անին Հայաստանի սահմանին է: Ինչպես որ Թուրքիան արեց Աղթամարի դեպքում, Անին էլ կարճ ժամանակահատվածում և միջազգային խորհրդատուների ու օտարերկրացի վերակառուցող ընկերությունների մասնակցությամբ պետք է վերակառուցվի»:

Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն:

«Անիի շինությունների վերակենդանացումից հետո այս քաղաքը պետք է բաց լինի հայերի համար, և այնտեղ մտնելու և իրենց հոգևոր արժեքները տեսնելու համար նրանցից մուտքի արտոնագիր կամ անձնագիր չպետք է պահանջվի»,- խորհուրդ է տալիս Ռեջեփ Գյուվելիօղլուն:

Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել: Հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն:

Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը: