ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի բազմամյա հիվանդությունն ու փաստացի անաշխատունակությունն առիթ են տվել հայ համայնքի ներկայացուցիչներին քննարկելու նոր պատրիարքի ընտրությունների անցկացման անհրաժեշտության հարցը, գրում է Daily Sabah-ը:
Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ և հոսպիտալացվել է 2008-ին, նրա փոխարեն պատրիարքի պարտականությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Ըստ թուրքական օրենքների, երկրի իշխանությունները վերահսկում են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ստեղծված իրավիճակում Աթեշյանը փաստացի պատրիարքի փոխանորդն է, սակայն նման պաշտոն եկեղեցական հիերարխիայում չկա: Նման վիճակը բազում խնդիրներ է առաջացնում: Համայնքի հայտնի անդամները դիմել են Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրությունը, սակայն նրանց մերժեցին՝ պատճառաբանելով, որ պատրիարքը ողջ է, և նոր ընտրություններ կարող են անցկացվել միայն նրա մահից հետո: Համայնքում բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե պետք է նոր պատրիարքի ընտրել, թե Մութաֆյանը կշարունակի պատրիարք մնալ եկեղեցու ու համայնքի նորընտիր ղեկավարի հետ միաժամանակ:
Այս պահի դրությամբ համայնքը դատավարության մեջ է նախարարության հետ, նպատակ ունենալով, որ ընտրությունների անցկացման արգելքը հանվի:
Սբ Ամենափրկիրչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն պատմել է թերթին, որ համայնքին կամ հետնորդ է պետք կամ համապատրիարք: Նա պնդում է, որ համայնքի մեծ մասը համաձայն է նոր ընտրությունների անհրաժեշտության գաղափարին: Շիրինօղլուն ասում է, որ հայերը մտադիր չեն հեռացնել Աթեշյանին իր պաշտոնից: «Նա կարող է թեկնածու լինել: Գլխավորն այստեղ ընտրություններ անցկացնելն է,-ասել է նա:-Աթեշյանը արդեն 7 տարի է պաշտոնակատար է: Չի կարելի 7 տարի պաշտոնակատար լինել»:
Շիրինօղլուն հատուկ նշում է, որ ընտրություններ անցկացնելու պահանջը նաև պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի ընտանիքի պահանջն է:
Մեսրոբ Մութաֆյանը՝ Կոստանդնուպոլսի 84-րդ պատրիարքն է, ղեկավարում է համայնք ու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը 1998 թվականից, Գարեգին Երկրորդ Ղազանչյանի մահից հետո: 2008-ից, երբ ի հայտ եկավ Մութաֆյանի հիվանդությունը, ղեկավարությունը փաստացի անցավ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Աթեշյանի օգտին քվեարկեց պատրիարքարանի կրոնական խորհրդի (Սինոդի) 26 անդամներից 25-ը:
Ստամբուլի հայ համայնքը հասնում է 60 հազարի: