24 հոկտեմբերի 2014 - 21:31 AMT
Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանականների մոտ է

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի՝ XX դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ժխտողների համար քրեական պատիժ նախատեսող նոր օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանի բոլոր կուսակցություններին:

Թուրքական «Ջիհան» գործակալությանը Բուայեն ասել է, թե արդեն 40-ից ավելի պատգամավոր իրենց ստորագրությամբ հաստատել են նոր օրինագծին աջակցությունը, ու հուսով է, որ այն կհայտնվի խորհրդարանի օրակարգում, գրում է Tert.am-ը:

Բուայեն հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խոստում է տվել և կկատարի այն:

Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին օրինագիծը չէ: 2013-ի փետրվարին նա Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացումը» հոդվածի վրա: Այն նախկինի պես որպես պատիժ է նախատեսում մինչև մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք ցեղասպանության ժխտման համար:

Մինչև այդ Բուայեն հանդես էր եկել նմանատիպ օրենքի ընդունման նախաձեռնությամբ: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ցեղասպանությունների ժխտման մասին օրինագիծ էր ընդունել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Մինչև այդ Բուայեի նախաձեռնած փաստաթուղթը 2011-ի դեկտեմբերի 22-ին ընդունել էր ստորին պալատը՝ Ազգային ժողովը: Փետրվարի վերջում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը համարել էր հակասահմանադրական, քանի որ այն «վտանգում է խոսքի ազատությունը»:

Նրա խոսքով՝ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները պարտավորեցնում են պատրաստել այս նախագիծը: Ըստ ֆրանսիացի պատգամավորի՝ Սիրիայում և Իրաքում ազգային փոքրամասնություններն ու քրիստոնյաները ցեղասպանության են ենթարկվում: Նա պնդում է, որ եթե ցեղասպանությունների դեմ ազդեցիկ մի օրինագիծ լիներ, ապա այսօրվա դեպքերը չէին լինի: Վալերի Բուայեն նշել է, որ պետությունները պետք է դատապարտեն ցեղասպանություններն ու քննադատել է Թուրքիայի կեցվածքը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: