28 հոկտեմբերի 2014 - 14:22 AMT
Մահապատիժների թիվն աշխարհում աճել է. 2013-ին գրանցվել է 1.925 դեպք

Business Insider-ը հրապարակել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ամենաշատ մահապատիժներն իրականացնող երկրների մասին: Ընդհանուր առմամբ, 2013-ին աշխարհի 22 երկրում 778 մարդ է մահապատժի ենթարկվել:

Ըստ այդմ, անցած տարվա տվյալների ամփոփումով, առաջատար հնգյակում են Չինաստանը, Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն: Չինաստանի դեպքում մահապատիժների թիվը պետական գաղտնիք է համարվում: Դա անհնարին է դարձնում յուրաքանչյուր տարի մահապատժի ենթարկվող մարդկանց հստակ թիվը պարզելը, սակայն Amnesty International-ի զեկույցում նշվում է, որ «առկա տեղեկատվությունը թույլ է տալիս պնդել, որ Չինաստանում տարեկան իրականացվում է ավելի շատ մահապատիժ, քան մյուս բոլոր երկրներում»: Թիվը հավանաբար հաշվվում է հազարներով:

Իրանը, Իրաքը և Սաուդյան Արաբիան (համապատասխանաբար` 369, 169 և 79 մահապատիժ) իրականացնում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մահապատիժների 95%-ը:

ԱՄՆ-ն «Մեծ ությակի» երկու երկրներից մեկն է՝ Ճապոնիայի հետ միասին, որը մահապատիժ է կիրառում: Նախորդ տարի այստեղ իրականացվել է 39 մահապատիժ, որի 41%-ը Տեխաս նահանգում:

Չնայած նրան, որ աշխարհի 98 երկիր հրաժարվել է մահապատժից, 2012- 2013 ընթացքում դրնանց թիվն աճել է. 2013-ին աշխարհի 57 երկրում գրանցվել է մահապատժի 1.925 դեպք, իսկ 2012-ին` 1.722 դեպք 58 երկրում:

2003 թվականի աշնանը Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետը, որը նախատեսում է մահապատժի վերացում:

Հայաստանի Հանրապետությունում մահապատիժներն արգելվել են 2003-ի աշնանը: 2001-ի հունվարի 25-ին ՀՀ-ն միացել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` 1983 թվականի ապրիլի 28-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 6 արձանագրությանը, որ ԱԺ-ն հաստատել է 2003-ի աշնանը:

Դրա նպատակն է մասնակից պետությունների համար որպես պարտադիր կատարման ենթակա պարտավորություն հաստատել մահապատժի վերացման սկզբունքը: Այն պետությունը, որը միանում է արձանագրությանը, պարտավոր է իր օրենսդրությունից հանել մահապատիժը` որպես պատժատեսակ: Միաժամանակ, արձանագրությունը թույլատրում է մասնակից պետությանն իր օրենսդրությամբ նախատեսել մահապատիժ` պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարված գործողության համար: Նման դեպքերում մահապատիժ կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և դրա դրույթներին համապատասխան: