16 հունիսի 2006 - 15:27 AMT
Ռ.Քոչարյան. ՌԴ իրավապահ մարմինները պետք է կոշտ արձագանքեն քսենոֆոբիայի դրսեւորումներին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային օկրուգի պատվիրակությանը` օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի գլխավորությամբ, հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով երկու երկրների առանձին տարածքային վարչական սուբյեկտների մակարդակով կապերի առավել զարգացումը, նախագահն ասել է, որ այն լավ հիմք է ստեղծում նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար: Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ գործարար կապերի աշխուժացման շնորհիվ տնտեսության մեջ ռուսական բիզնեսը գնալով ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում: Երկու երկրների առեւտրատնտեսական գործակցության հետագա ընդլայնման համար կարեւորվել է արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության հաստատումը:

Դմիտրի Կոզակն ասել է, որ Ռուսաստանի հարավում բնակվում է ամենամեծաթիվ հայ համայնքը եւ նրա ներկայացուցիչները լավագույնս ներգրավված են ռեգիոնի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Զրուցակիցները դատապարտել են վերջին ամիսներին Ռուսաստանում ազգայնական հիմքով տեղի ունեցած սպանությունները եւ նշել, որ այն չի բխում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի շահերից: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է կատարվածին արձագանքեն կոշտ` գործելով արագ, հստակ ու հասկանալի: ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչն այցի ընթացքում եղել է նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանում: Նա Հայաստանի իշխանություններին իր երախտագիտությունն է հայտնել զինվորականների ծառայության բարենպաստ պայմանների համար: