4 նոյեմբերի 2014 - 18:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բելգիական մամուլ. Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը վաղ թե ուշ սկսվելու է

Բելգիական առաջատար LE VIF.be պարբերականն անդրադարձել է Արցախի Հանրապետության օդանավակայանի շահագործմանը` նշելով, որ Ստեփանակերտը, հավանաբար, միակ մայրաքաղաքն է, որի օդանավակայանից թռիչքներ չեն իրականացվում:

Ըստ պարբերականի` օդանավակայանի նպատակը Ստեփանակարտ-Երևան օդային հաղորդակցության իրականացումն է՝ որպես այլընտրանք գործող ավելի քան 330 կմ երկարությամբ լեռնային ճանապարհին:

«Օդանավակայանի վերաբացումից հետո այն երբևէ թռիչքներ չի իրականացրել շատ պարզ պատճառով. Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են կործանել ցանկացած ինքնաթիռ` անգամ եթե դրանք քաղաքացիական նշանակության են լինելու»,- պարբերականին հղումով գրում է Panorama.am-ը:

Անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` պարբերականը հիշեցնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին և շեշտադրում, որ այդ նպատակով 1989-ից մինչև 1992 թվականներն Ադրբեջանը ռմբակոծությունների էր ենթարկում Ստեփանակերտ քաղաքը:

Պարբերականը մեջբերում է Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի խոսքերը, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսված է միայն քաղաքացիական նշանակության թռիչքներ իրականացնելու համար, ինչպես նաև, որ Բաքվի սպառնալիքներին կարելի է պատասխանել իրենց իսկ լեզվով, սակայն «Արցախը երբեք նման բարբարոս խաղեր չի խաղում»:

Պարբերականը հիշեցնում է, որ չնայած հունիս ամսին տեղի ունեցած թռիչքներից մեկը մեծ աղմուկ էր հարուցել Ադրբեջանում, այդուամենայնիվ, օդանավակայանի շահագործումը վաղ թե ուշ տեղի է ունենալու, այն ընդամենը շաբաթների խնդիր է:

«Ստեփանակերտ» օդանավակայանը 50 տարվա ընթացքում երբեք չի դադարեցրել գործունեությունը: Ըստ Արցախի նախագահի գլխավոր տեղեկատվական վարչության պետի տեղակալ Դավիթ Բաբայանի՝ օդանավակայանը գործել է նաև խորհրդային տարիներին, իսկ այժմ, վերակառուցումից հետո դրա շահագործումը շարունակվում է: ԼՂՀ-ում կա փոքր ավիացիա, ուղղաթիռներ, որոնք թռիչքներ են կատարում: Փոքր ավիացիան օգտագործվում է գյուղատնտեսական ոլորտի կարիքների համար, ուղղաթիռները բեռներ են տեղափոխում, մարդկանց:

ՖՈՏՈՇԱՐՔ