5 նոյեմբերի 2014 - 18:34 AMT
Շարմազանով. Հուսով եմ՝ մինչև դեկտեմբերի 23-ը ՀՀ-ն ու ՌԴ-ն կվավերացնեն ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագիրը

Մոսկվայում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: ՀՀ խորհրդարանի փոխխոսնակը հույս է հայտնել, որ մինչև դեկտեմբերի 23-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը երկու երկրի խորհրդարանները կվավերացնեն Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Նարիշկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր սեղմ ժամկետում վավերացնել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը:

Մինչև այդ, դեռ մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել էր ԵՏՄ մասին պայմանագիրը, ինչը Մաքսային միության զարգացման նոր փուլ ազդարարեց: Այն ժամանակ ԵՏՄ-ին պետք է միանար Հայաստանը, որը 2013-ի սեպտեմբերին հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից հօգուտ ՄՄ հետ հարաբերությունների ամրապնդման: Սակայն ՀՀ հետ պայմանագրի կնքումը խափանվեց ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսային հսկողության հարցի վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման պատճառով:

ԵՏՄ-ն ենթադրում է միասնական մաքսային քաղաքականություն, կապիտալների, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ին:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային գործակցության հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությանը բոլոր ուղղություններով:

Նա, մասնավորապես, կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրի խորհրդարանականների առավել սերտ գործակցությունը: Պետդումայի նախագահն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակը:

Բացի այդ, Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել հակամարտությունների ռազմական լուծման ցանկացած փորձ:

ԱԺ փոխխոսնակը նաև նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է ՀԱՊԿ-ի, մասնավորապես՝ ՀԱՊԿ ԽՎ-ի դերն ու նշանակությունը: Նա իր մտահոգությունն է հայտնել, որ որոշ գործընկերներ երբեմն չեն պաշտպանում ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների դիրքորոշումը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցությունը:

Էդուարդ Շարմազանովը Պետդումայի նախագահի հետ զրույցում նշել է, որ 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Նա հույս է հայտնել, որ ՌԴ ժողովի Դաշնության խորհուրդը և Պետդուման կաջակցեն միջոցառումների անցկացման հարցում:

Մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստին որոշվել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է լինելու անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելու է համահայկական հռչակագիր:

Մոսկվա Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի աշխատանքներին:

Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, ՀՀ պատվիրակության կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: