6 նոյեմբերի 2014 - 16:25 AMT
ՀԱՊԿ-ը կասեցրեց ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը «ոչ կառուցողական» և «թշնամական» գործողությունների պատճառով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կասեցրերց ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման ջանքերը, դաշինքի «ոչ կառուցողական» և «թշնամական» գործողությունների պատճառով, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ոչ կառուցողական և հաճախ նույնիսկ թշնամական գործողությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ հանդեպ,…կասեցվեցին ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերը»,-ասել է նա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում:

Բորդյուժան նշել է, որ կազմակերպությունը կշարունակի գործակցությունը ԵԱՀԿ հետ, կզորացնի համագործակցությունը Շանհայի Համագործակցության կազմակերպության հետ և կապեր կհաստատի Լատինական Ամերիկայի երկրների և Իրանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Դեռ հունիսին Ռուսաստանի խորհրդարանում հանդիպելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, թե կազմակերպության անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը և առաջնահերթ համարել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը:

«Հաշվի առնելով իրավիճակը, ԱԳՆԽ-ն նպատակահարմար է համարում կասեցնել եվրոպական հարթակում բանակցային դաշտ ունենալու միտումով ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը, խորհուրդ տալով զարգացնել գործակցությունը ԵԱՀԿ հետ»,-ասել է Բորդյուժան Պետդումայում ԵԱՀԿ ԽՎ-ում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ հանիպմանը:

Դրան հաջորդեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը դադարեցնելու մասին, ՀԱՊԿ անդամ երկրներին չի վերաբերում: Նրա խոսքով, Նիկոլայ Բորդյուժայի խոսքերն առնչվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին: