2015 թվականին գիտության ֆինանսավորումն ավելանալու է ոչ թե պետության եկամուտների աճին համապատասխան` 4.3 %-ով, այլ կրկնակի ավել` կազմելով 14 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ավելացել է բազային ֆինանսավորման ծավալը, որի շրջանակում կֆինանսավորվի 10 նոր ծրագիր:
«Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ կտրամադրվեն, գիտության դոկտորներին` 50.000 դրամ, գիտության թեկնածուներին` 25.000 դրամ»,- գրել է նա:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նոյեմբերի 6-ին պատգամավորներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
Բացի այդ նախօրեին՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը հայտնել է, որ հայկական չարտոնագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները հնարավորություն կունենան պետական նմուշի դիպլոմներ ստանալ։
Կառավարությունն արդեն հաստատել է նախորդ տարիների ոչ պետական չարտոնագրված բուհերի շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմի տրամադրման կարգը, հաղորդում է ARKA գործակալությունը։
«Մի քանի տարի առաջ մենք նմանատիպ փոփոխություններ ենք կատարել օրենքում, որպեսզի հազարավոր մարդիկ, ովքեր 90–ականներից մինչև օրս սովորում են և ավարտում չարտոնագրված ոչ պետական հաստատություններ և ստանում Հայաստանի տարածքում և արտերկրում իրավական որևէ ուժ չունեցող դիպլոմներ, կարողանան ստանալ պետական դիպլոմներ»,- ասել է նախարարը։
Ըստ նրա, այդ կապակցությամբ կառավարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որը թույլ է տալիս չարտոնագրված բուհերի շրջանավարտներին, ովքեր ունեն ոչ պետական նմուշի դիպլոմ, կրկին պետական քննություն հանձնել համապատասխան բուհերում, որոնք կսահմանի նախարարությունը։
Ինչպես նշել է նախարարը, քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները կկարողանան ստանալ նույն մասնագիտության պետական դիպլոմ։
«Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ բուհերի շրջանավարտների միայն 30 տոկոսն է կարողացել կրկնակի պետական քննություններ հանձնել և փոխել դիպլոմները։ Նոր օրենքով կառավարությունը երկարացնում է նմանատիպ մեխանիզմի գործողության ժամկետը մինչև 2016-2017 թվականները, քանի որ կան դեռ հարյուրավոր մարդիկ, ովքեր չեն հասցրել օգտվել այդ հնարավորությունից»,– ասել է նա։
Կրթության և գիտության նախարարության տվյալով` նախորդ տարիներին պետական նմուշի դիպլոմ ստանալու համար դիմել են չարտոնագրված բուհերի 2650 շրջանավարտներ, որոնցից պետական քննություն հանձնելուց հետո դիպլոմ է ստացել 1900 մարդ: