7 նոյեմբերի 2014 - 11:23 AMT
Չավուշօղլու. Թուրքիան երբեք չի ընդունի Ցեղասպանությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդել արտաքին դաշտում երկրի առաջիկա անելիքների մասին՝ անդրադառնալով նաև հայկական հարցին:

«Ցեղասպանությունը, որը ցականում են վերագրել մեր պապերին ու ժողովրդին, անհնար է, որ ընդունենք: Սա միշտ ենք ընդգծում»,- ասել է թուրք նախարարը, մեջբերում է Asbarez-ը:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Շվեցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի գործին: Նա տեղեկացրել է, որ իրենք շատ ուշադիր հետևում են Շվեցարիայի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատում բողոքարկվող գործին:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը:

Հայաստանի Հանրապետությունը «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ:

Միևնույն ժամանակ Ստամբուլի համալսարանի եվրասիական ինստիտուտում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանս: Մասնակիցների թվում են եղել պաշտոնաթող դիվանագետ Ալև Քիլըչը, ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը և մի շարք այլ գիտանականներ ու դիվանագետներ, հաղորդում է Ermenihaber-ը:

Կոնֆերանսի մասնակիցները հայտարարել են, թե իբր Ցեղասպանությունը սուտ քարոզչություն է, և այդ համատեքստում կարևորել ՄԻԵԴ-ում թուրք Փերինչեքի շահած դատը:

Փաշաևան շեշտել է, թե իմպերիալիստական երկրներն իրենց շահերին են ծառայեցնում Հայոց ցեղասպանության մասին քարոզշությունը, իսկ պրոֆեսոր Չիչեքն անհրաժեշտ համարել ավելի ուժեղացնել պայքարը ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: