12 նոյեմբերի 2014 - 15:35 AMT
Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնագիր կկնքեն տիեզերքում համագործակցության մասին

«Ռոսկոսմոսը» նախապատրաստել և համաձայնեցման համար նախարարների կաբինետին է ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի միջև «Խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտության ու օգտագործման ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի տեքստը: Ինչպես հայտնում է «Իզվեստիան», ըստ «Ռոսկոսմոսում» իրազեկ աղբյուրի, համաձայնագիրը նախապատրաստվել է ՌԴ և ՀՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի որոշմամբ: Բովանդակությամբ փաստաթուղթը հիմնականում համահունչ է 2010-ին Բելառուսի և 2008-ին Ղազախստանի հետ կնքված նմանատիպ համաձայնագրերին:

Հայաստանն ու Ռուսաստանը դեռ 2010-ին են ստորագրել Տիեզերքի և ուղեծրային տարածքի ուսումնասիրության ոլորտում գիտատեխնիկական ու նորարարական համագործակցության ամրապնդմանն ու զարգացամնն ուղղված հարցերի արձանագրությունը: Համագործակցության արդյունքում ժամանակակից սարքերով է համալրվել Բյուրականի աստղադիտարանը: Քննարկվում է նաև հայկական առաջին կոմերցիոն արբանյակի գործարկման հարցը, որն աշխատելու է կապի ոլորտում և որի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2012 թ.:

«Ռոսկոսմոսում» նշել են, որ գործակցության ուղղությունների ընտրությունը տրամաբանորեն բխում է տիեզերական ուղղվածության Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն իրականացված նախագծերի բովանդակությունից: 2009 թ. ռուս մասնագետների մասնակցությամբ շահագործման հանձնվեց Երևանի Տիեզերական դիտարկման կենտրոնը, ռուսական սարքերից տիեզերական պատկերների ընդունման ու մշակման նպատակով, հիմնականում գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում: Այնուհետև «Ռոսկոսմոսի» մասնակցությամբ արդիականացվեց Բյուրականի աստղադիտարանը, ՌԴ-ն մոտ 2 մլն եվրո ներդրեց , այժմ հեռադիտակների միջոցով իրականացվում է տիեզերական աղբի դիտարկման ծրագիրը:

Հայաստանը մտադիր է նաև մասնկցել ԱՊՀ Տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտի ստեղծմանը, նման կառույց ստեղծելու մասին խոսք գնաց ԱՊՀ անդամ պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությանը ընթացիկ տարվա հոկտեմբերին, գրում է պարբերականը:

Photo:Известия