14 նոյեմբերի 2014 - 13:43 AMT
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կարևորում է 1915 թ. փաստերի ճանաչումը, բայց խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից

Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասը անդրադարձել է Վաշինգտոնի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին:

Hurriyet-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյո՞ք ԱՄՆ-ն 2015 թ. ճանաչել «հայերի սպանությունները» (ըստ լրագրողի ձևակերպման՝ խմբ.) որպես ցեղասպանություն՝ Բասը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն արտացոլված է վարչակազմի նախորդ հայտարարություններում:

«Այսօր ես կարող եմ ասել, որ մեր կառավարության դիրքորոշումը 1915-ին սկսված սարսափելի ողբերգության իրադարձությունների ու հանգամանքների մասին, բավականին հստակ է: Այն արտացոլված է «hայերի հիշատակի օրերին» արված մեր հայտարարություններում: Մենք շարունակում ենք հավատալ, որ սարսափելի իրադարձությունների և ահավոր սպանությունների ետևում կանգնած փաստերի ամբողջական և անկեղծ ճանաչումը բխում է Թուրքիայի ու Հայաստանի շահերից, ինչպես նաև կարևոր է, մեր կարծիքով, փոխշահավետ հարաբերությունների կառուցման համար»,-ասել է նա:

Ըստ դեսպանի, նման հարաբերությունները բխում են նաև ԱՄՆ ու Թուրքիայի ընդհանուր շահերից տարածաշրջանում կայունության ամրապնդման շրջանակում:

ԱՄՆ նախագահ Օբաման, լինելով սենատոր և նախագահի թեկնածու, խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում: Սակայն, ընտրվելուց հետո չկատարեց խոստումը, որի համար պարսավանքի ենթարկվեց հայության կողմից: Իր նախագահության ընթացքում ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձներում Օբաման խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից՝ սահմանափակվելով հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությամբ:

50-ամյա Բասի նշանակումը Թուրքիայի դեսպանի պաշտոնում հավանության արժանացավ Սենատում սեպտեմբերի 17-ին, հրամանագիրը ստորագրվեց հոկտեմբերի 7-ին: Նրա թեկնածությունն առաջադրվել էր հունիսին, սակայն հավանությունը ձգձգվեց: Մինչ նշանակումը Բասը հայտարարում էր, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-թուրքական, ինչպես նաև թուրք-իսրայելյան և թուրք-կիպրոսյան հարաբերությունների կարգավորման համար: Կոնգրեսում լսումների ժամանակ Բասսը խոստացավ, որ ուշադրության կենտրոնում կպահի 1939-2011թ. հրեական և քրիստոնեական համայնքների առգրավված սեփականության հարցը: Նա նշեց, որ աշխատելու է կառավարության և տեղերում իշխանական կառույցների հետ,. որպեսզի, մասնավորապես, նպաստի հայկական եկեղեցիների վերականգնմանն ու վերաբացմանը, ինչպես դա եղավ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու, կամ Դիարբեքիրում Սբ Կիրակոսի դեպքում: Միևնույն ժամանակ, ինչպես և ամերիկացի պաշտոնյաների մեծ մասը, նա չի կիրառում «ցեղասպանություն» եզրույցը 1915 թ. Հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս:

Photo:Hurriyet