14 նոյեմբերի 2014 - 17:51 AMT
Ստամբուլում հայ դերասանի անունով փողոց է անվանակոչվել

Ստամբուլի Բույուկդերե թաղամասի փողոցներից մեկն անվանակոչվել է թուրքական կինոյի հայազգի դերասան Նուբար Թերզյանի անունով:

Սբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամն անցյալ տարի ներկայացրել էր փողոցն անվանակոչելու առաջարկը, սակայն տեղական իշխանությունները մերժել էին առաջարկը:

Ուստի հիմնադրամը ստորագրահավաք սկսեց հօգուտ անվանափոխման և որոշ փոփոխություններ կատարեց հայտում, որից հետո այն հավանության արժանացավ: Վերանվանման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ օրերս:

Նուբար Թերզյանը ծնվել է Ստամբուլում 1909 թ., դերասանի կարիերան սկսել է 1949-ին, դերեր է կատարել հարյուրավոր ֆիլմերում և մի քանի սերիալներում, նշում է պարբերականը: Դերասանը մահացել է 1994 թվականին 84 տարեկան հասակում, հայտնում է Hurriyet-ը «Ակոսի» վրա հղումով:

2014-ի ամռանը Բիթլիսի քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց փողոցներից մեկը մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի անունով կոչելու վերաբերյալ, որին գրողը նույն անվանումը կրող պիես է նվիրել: Սակայն Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքը արգելեց վերանվանումը՝ հայտարարելով, թե Սարոյանը ոչ մի կապ չունի քաղաքի հետ: