18 նոյեմբերի 2014 - 12:33 AMT
ՌԴ կառավարության հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիներին գրանցվելուց ազատելու մասին օրինագծին

Ռուսաստանի Դաշնության կառավարության օրենսդիր գործունեության հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ ԱԳՆ և ԴՄԾ առաջարկած օրինագծին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև երկրներից մեկի տարածքում մյուս երկրի քաղաքացիների կացության կարգի վերաբերյալ:

Ինչպես ասվում է ՌԴ կառավարության կայքում, համաձայնագրով նախատեսվում է ազատել Հայաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիներին, և Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՀՀ քաղաքացիներին մուտքից հետո 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու (կացության վայրում հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Օրինագիծը քննարկման կդրվի կառավարության նիստում:

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կացության կարգի մասին համաձայնագիրը ստորագրեցին 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում: Ըստ ՌԴ 1995 թ. հուլիսի 15-ի №101 «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի, պայմանագիրը պետք է վավերացվի, քանի որ հաստատում է կանոններ, որոնք տարբերվում են օրենքով նախատեսվածներից:

Photo: RIA Novosti