19 նոյեմբերի 2014 - 12:42 AMT
Շերի երգը հերթական հակահայկական սկանդալի առիթ է դարձել Բաքվում

Բաքվում հայտնի երգչուհի Շերի Believe հիթն Ադրբեջանում հակահայկական դրսևորումների հերթական ալիքի առիթ է դարձել:

Ինչպես հայտնում է baku.ws-ը, Բաքվի թուրքական ռեստորաններից մեկում հայտնի ամերիկահայ երգչուհի Շերի (երգչուհու և դերասանուհու իսկական անունն է Շերիլին Սարգսյան Լապյեռ Բոնո Օլմեն) կատարման ձայնագրությունը քննարկման առարկա է դարձել մի շարք ԶԼՄ-ներում ու համացանցում: Այս առթիվ նույնիսկ իր կարծիքն է հայտնել միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Աղամալին:

«Որպես Ադրբեջանի քաղաքացի հայտարարում եմ, որ նման իրավիճակներում շատ կարևոր է հանրային կարծիքը: Այդ սրճարանը հարկավոր է տուգանել»,- ասել է պատգամավորը:

Աղամալին հայտարարել է, որ Բաքվի հանրային վայրերում «ագրեսոր ժողովրդի» երգը հնչեցնելը նույնիսկ «ավելի վատ է, քան հայ լինելը» և դրա դեմ պետք է արտահայտվի հասարակությունը, պետք է չայցելել նման հաստատություններ: «Նման սրճարանները, որտեղ թշնամական երաժշտություն է հնչում, վնասում են ազգային մտածելակերպին և պետք է բոյկոտվեն: Սեփականատերերը չպետք է մոռանան, որ Ադրբեջանում են գործում, և նման պահվածքը կարող է շատ լուրջ պատժամիջոցների պատճառ դառնալ»,- ասել է պատգամավորը:

Հատկանշական է, որ այս դեպքը տեղի է ունեցել այն օրերին, երբ Բաքվում անցնում էր հանդուրժողականության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները հերթական անգամ հայտարարեցին, որ երկրում լիակատար հանդուրժողականություն է տիրում: Հանդուրժողականության տիպար է համարում իր երկիրը նաև նախագահ Ալիևը՝ զուգահեռաբար հայերին մեղադրելով վանդալիզմի մեջ:

Հայատյացությունն Ադրբեջանում սիստեմատիկ բնույթ է կրում: Կենցաղային դեպքերից բացի, ինչպես վերոնշյալն է, հայատյացություն է տիրում ԶԼՄ-ներում ու կրթական ծրագրերում: Հայ մշակութային ժառանգության հուշարձանները կամ ներկայացվում են որպես աղվանական, կան ավերվում են: Վերջին ամենահայտնի դեպքը Նախիջևանի տարածքում Նոր Ջուղայի եզակի խաչքարերի ոչնչացումն էր: Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը կեղծվում է, պետական մակարդակով փորձեր են արվում «ապացուցելու», որ հայերը եկվորներ են տարածաշրջանում: Ցեղասպանության փաստը ժխտվում է, երկրում արգելված են հայկական անունները: Հայ մարզիկները, քաղաքական և մշակույթի գործիչները շատ հաճախ չեն մասնակցում Ադրբեջանում անցկացվող միջոցառումներին, կամ նրանց մասնակցությունը տարբեր տհաճ միջադեպերով է ուղեկցվում: Հաճախ նույնիսկ արգելվում է հայազգի այլ երկների քաղաքացիների մուտքն Ադրբեջան:

Ընթերցեք նաև. Ալիևը հավատո՞ւմ է աշխարհին հրամցվող «ադրբեջանական հանդուրժողականության մասին հեքիաթներին»

Photo: billboard.com