22 նոյեմբերի 2014 - 10:52 AMT
ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարհանվել են, հակառակորդը զոհեր ունի

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ-ից:

Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրովանձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ ՍարգիսՆազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը հետմահուպարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Դեպքից հետո հայկական կողմը հայտարարում էր, թե անձնակազմի 3 անդամից մեկը կարող էր ողջ լինել, բայց ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չէր տալիս դա պարզելու համար մոտենալ դեպքի վայրին:

Մինչև այդ Բաքվում ակնարկել էին, թե զոհված օդաչուների մարմինները կվերադարձնեն, եթե հարկ համարեն:Ավելի ուշ ադրբեջանական կողմը խոսում էր նաև խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու մասին։ Նախօրեին՝ նոյեմբերի 21-ին,ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բացառել էր ձերբակալված ու այժմ դատվող ադրբեջանցիների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի հետ:

Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հայկական կողմի կատարած դիվանագիտական աշխատանքներն արդյունք են տվել՝ համանախագահները կոնկրետ հայտարարություններ էին արել՝ դիմելով Ադրբեջանին անձնակազմի անդամների դիերը վերադարձնելու համար: Նախարարը շեշտել էր, որ այդ հարցում Հայաստանը ջանում էր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։

Դեպքից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, ականապատ տարածքում, ինչպես նաև կոչ արել կողմերին դադարեցնել վայրի գնդակոծությունը և նպաստել տարածքի ականազերծմանը: Բայց Ադրբեջանը ոչ միայն չէր դադարեցնում կրակը, այլև թույլ չէր տվել ԵԱՀԿ ներկայացուցիչներին նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում: Իմիջիայլոց, դեպքի վայրն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները: