Հաագայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի ու բռնության առթիվ:
«Դա ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Ստոլտենբերգը:
«Քաղաքական որոշումն այլընտրանք չունի»,- ընդգծել է նա. «Ես ՆԱՏՕ-ի ուղիղ դերակատարումը չեմ տեսնում, բայց ՆԱՏՕ-ն սատարում է Մինսկի խմբի ձևաչափը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում բանակցությունների միջոցով կայուն խաղաղության հաստատման պայմաններ ստեղծվեն»:
Կանադայի խորհրդարանում Լիբերալ կուսակցության պատգամավոր Առնոլդ Չենը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցման առթիվ:
Չենը կուսակցության անունից ցավակցել է երեք օդաչուի ընտանիքներին ու հարազատներին, որոնք իրենց կյանքն են կորցրել:
Կանադացի պատգամավորը նշում է, որ խորապես մտահոգ է, որ միջադեպը կարող է մեծացնել լարվածությունը շփման գծում: Նա դատապարտել է ուղղաթիռի խոցումը և խաղաղ բանակցությունների կոչ արել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափում:
Կուսակցության կայքին հղումով Tert.am-ը գրում է, որ ըստ պատգամավորի, «տևական խաղաղության ու անվտանգության համար ամենալավ ուղին բանակցային կարգավորումն է»:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը:
Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր, այդ թվում՝ սև արկղը:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:
Կարդացեք նաև`ԼՂՀ վարչապետ․ Հայկական զինուժն ի վիճակի է ավելի բարդ օպերացիաներ իրագործել