25 նոյեմբերի 2014 - 11:41 AMT
Պուտին. ՌԴ-ն և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև երկաթուղային հաղորդակցության մասին

Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:

Նա հավելել է, որ նման մոտեցումը թույլ կտա պայմաններ ստեղծել տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների միջև համագործակցության զարգացման համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու բացման շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում: Վրացական կողմն ի դեմս վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի, հերքել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման որևէ գործընթացի առկայությունը:

Ավելի վաղ Աբխազիայի նախագահը հայտարարեց, որ իրենք դեմ չեն երկաթուղու բացմանը, բայց «Վրաստանի արևմտյան հովանավորները հազիվ թե ցանկանան»:

Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցն ավելի ակտիվ սկսեց քննարկվել 2012 և 2013 թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններում Սահակաշվիլիի թիմի պարտությունից հետո: 2013-ի սեպտեմբերի 2-ին այն ժամանակ դեռ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց, որ մտադիր է սեղմ ժամկետում լուծել աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992 թ.: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

Ըստ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI)անցկացրած հարցման, Վրաստանի բնակիչների 63 տոկոսը կողմ է աբխազական երկաթուղու վերագործարկմանը: Հարցումն անցկացվել է Վրաստանի ամբողջ տարածքում 3103 մարդու շրջանում: Երկաթուղու բացմանը դեմ է արտահայտվել հարցվածների 13 տոկոսը:

Photo: ТАСС