4 դեկտեմբերի 2014 - 11:19 AMT
Տուրիստական Սոչին հուսով է, որ կհետաքրքրի աշխարհասփյուռ հայությանը

Սոչին որպես զբոսաշրջային ուղղություն պահանջված կլինի աշխարհասփյուռ հայության շրջանում: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության տեղի բաժանմունքի նախագահ Հրաչ Մակեյանը հյուրանոցային ոլորտի մի խումբ մասնագետների հետ Երևան կատարած այցից հետո, հայտնում է Յուգա.ռու-ն:

Օլիմպիական մայրաքաղաքի հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ այցելել էին Հայաստան ներկայացնելու համար Սոչիի ռեկրեացիոն հնարավորությունները: Ըստ մասնակիցների, հանգստավայրի ներուժը բարձր են գնահատել Հայաստանի զբոսաշրջային գործակալություններում: Արդեն Սոչիի պատվիրակության այցելության ժամանակ սկսվեց հյուրանոցների ամրագրումը: Ինչպես նշում են մասնակիցներն, ամրագրման գործընթացը գրեթե ամենօրյա է դարձել:

Սոչիում կարծում են, որ, քանի որ Հայաստանը 2015-ի հունվարի 1-ից անդամակցելու է ԵՏՄ-ին, ՀՀ քաղաքացիներին ավելի հեշտ կլինի մեկնել ռուսաստանյան այդ հանգստավայր: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են փոխադարձ հաշվարկներն իրականացնել ռուբլիով և դրամով:

«Բոլորին է հուզում դոլարի և եվրոյի փոխարժեքը: Կարծես թե մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը: Մենք մեր հաշվարկներում որոշեցինք անցնել ռուբլու և դրամի»,-ասաց Սոչիում Երևանի ԱԱՊ պաշտոնական ներկայացուցիչ Նադեժդա Ստուպակը:

Ռուսաստանի հայերի միության տեղի բաժանմունքի նախագահը վստահ է, որ Սոչիի հանդեպ հետաքրքրություն կդրսևորի նաև աշխարհով մեկ սփռված 7-միլիոնանոց հայկական սփյուռքը: Արդեն իսկ ընտանեկան հանդիպումների համար Եվրոպայի և ԱՄՆ շատ հայեր ընտրում են Սոչին:

«Հայերը պետք է Սոչի գան…Նրանք պատրաստ են սատարել, հանգստացողների ուղարկել, էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղեն մատակարարել հանգստյան տներին ու հյուրանոցներին»,-ասել է Մակեյանը: