6 դեկտեմբերի 2014 - 11:07 AMT
Սենատն առաջին փուլով հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը. Հեֆերնին կփոխարինի Միլսը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի և Ադրբեջանում Ռոբերտ Սեքութայի թեկնածություններին։

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միլսի թեկնածությունը ներկայացրել էր հուլիսի 10-ին։ Միլսը ներկայում Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն է։ Այս պաշտոնը զբաղեցնում է 2012-ից։ Նա իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988-ին՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ապա վերադարձել է Վաշինգտոն՝ աշխատելու Խորհրդային Միության բաժնում՝ հետագայում դառնալով նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար։ Ռիչարդ Միլսն աշխատել է նաև Մալթայում, Իրաքում, Մեծ Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Իռլանդիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

Սեքութայի թկենածությունը Օբաման ներկայացրել էր հուլիսի 8-ին: Ներկայում Սեքութան զբաղեցնում է Պետքարտուղարի օգնականի՝ էներգետիկայի հարցերով տեղակալի պաշտոնը: Նախկինում նա աշխատել է նաև Աֆղանստանում, Տոկիոյում և Բեռլինում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում՝ զբաղվելով տնտեսական հարցերով: 2002-ին եղել է Պետքարտուղարության տնտեսական և բիզնեսի հարցերով բյուրոյի հատուկ բանագնացը բիոտեխնոլոգիայի հարցերով: Նրանց թեկնածությունները դեռ պետք է հաստատվեն Սենատի ընդհանուր նիստի ընթացքում:

Միլսը Հայաստանում փոխարինելու է Ջոն Հեֆերնին, որը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն է 2011-ի աշնանից, իսկ Սեքութան կփոխարինի Ռիչարդ Մորնինգսթարին, որը Բաքվում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2012-ից: