1 հուլիսի 2006 - 15:16 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետաքրքված են տարածաշրջանի ռազմական եւ քաղաքական կայունության մեջ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինքնահեռացումը չի նշանակում խաղաղ հանրության հեռացումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առավել, քան երկու տարի առաջ, հետաքրքված են Անդրկովկասի ռազմական եւ աղաքական կայունության մեջ:

«Խոսքը, իհարկե, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նշանակության մասին է Եվրոպայի համար եւ վերջին համաձայնությունների մասին, որ նավթամուղին պետք է միանա նաեւ Ղազախստանը: Ստորագրման փուլում է նաեւ Իսրայելի հետ համաձայնագիրը նավթի` դեպի խաղաղօվկիանոսյան շրջան տեղափոխելու վերաբերյալ` շրջանցելով Իրանը: Հսկայական քաղաքական եւ ֆինանսական շահույթ խոստացող այս նախագծերը կարող են թաղվել մեկ ժամում եւ շատ երկար ժամանակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում»,- նկատել է նա: Հայ քաղաքագետի կարծիքով, համանախագահների անտրամաբանական թվացող հայտարարությունը պարզ բացատրություն ունի: «Ադրբեջանը առավել շատ է ինտեգրված բոլոր այս նախագծերում, իսկ նրա ղեկավարները առավել քիչ են հետարքրված պատերազմի մեջ, որ սպառնում է նրանց զրկել հսկայական շահույթներից»,- նշել է նա:

Նա նաեւ ընդգծեց, որ այս պայմաններում պետք էլ չի զբաղվել միջնորդությամբ: «Թող Բաքուն ինքն առիթ գտնի պատերազմի վերսկսման համար: Իսկ նրա նավթի սպառողները ժամանակ առ ժամանակ կշարունակեն մատ թափ տալ. չհամարզակվե'լ: Եվ դա կլինի ձեւի համար, քանի որ Ադրբեջանը գիտի իր հնարավորությունները: Ամեն այդպիսի «չհամարզակվե'լ»-ը Ադրբեջանում լսողներ եւ կատարողներ կգտնի»,- ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: