18 դեկտեմբերի 2014 - 11:04 AMT
Ֆրանսիան ջանում է վերսկսել երկխոսությունը Երևանի ու Բաքվի միջև. Դա «կարագացնի խաղաղ գործընթացը»

Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ աշխատում է վերսկսել երկխոսությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Այդ մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

«Ցավոք, լարվածությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև թեժացել է, այն դեռ շարունակվում է: Մենք խաղաղության կողմնակիցներ ենք, քանի որ խաղաղությունը նպաստում է բարգավաճմանը: Նավթի գների ու ռուբլու փոխարժեքի անկումը նույնպես վկայում են, որ լարվածությունը չի նպաստում տնտեսության կայուն զարգացմանը: Մենք կողմ ենք խաղաղության ու կայունության հաստատմանն այս տարածաշրջանում»,-ասել է դեսպանը:

Դիվանագետը հավելել է, որ երկխոսության վերսկսումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարագացնի խաղաղ գործընթացը, հայտնում է ԱՊԱ-ն:

«Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ բան չեն ասում մամուլին, չի նշանակում, թե նրանք չեն աշխատում»,-ասել է նաև դեսպանը՝ պատասխանելով տարածաշրջան համանախագահների այցի և մի շարք հարցերում մամուլից տեղեկատվությունը թաքցնելու պատճառների մասին հարցին:

Դեսպանը նշել է, որ համանախագահները լուրջ աշխատանք են կատարում: Նրանք ամեն հնարավորն անում են, որ երկխոսությունը հակամարտության կողմերի միջև վերսկսվի, որպեսզի բանակցություններն ավելի ինտենսիվ ընթանան:

«Ես հետևում եմ բանակցային գործընթացին և իրազեկ եմ ղարաբաղյան հակամարտության մասին բոլոր նորություններին: Սակայն խաղաղ բանակցություններն իմ իրավասությունից դուրս են: Ես տեղյակ չեմ համանախագահների պլաններին և չգիտեմ, թե ինչու են նրանք այդքան զգուշավոր: Ես չգիտեմ նաև, թե երբ տեղի կունենա համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Կարող եմ ասել միայն, որ համանախագահների կապերը լավ մակարդակի վրա են, նրանք մշտապես շփվում են Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունների հետ: Հակամարտության կարգավորման համար մեծ նշանակություն ունի շփումը: Եթե մենք խախտենք այդ շփումը, ամեն ինչ կկորցնենք, ինչի հասել ենք մինչ օրս: Սակայն ես վստահ եմ, որ համանախագահների ու կողմերի ջանքերով մենք կկարողանանք հասնել երկխոսության վերսկսմանն ու կայուն երկխոսության հաստատմանը»,-ասել է Մոնիեն:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է համանախագահ Անդրիեն հազվադեպ հանդիպում մամուլի հետ՝ դեսպանը նշել է, որ նա բավականին ակտիվ է բանակցային գործընթացում, սակայն մասնակից է ընդհանուր որոշումների կայացմանը: «Ես կփորձեմ հորդորել նրան առավել սերտ աշխատել մամուլի հետ»:

Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Քարնեգիի հիմնադրամին ու «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման քննարկմանը մասնակցելու հրավերի համար: «Ավելի հաճախ է պետք քննարկումներ անցկացնել»,-գրել է նա:

Դեկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողության փորձ է արել: «Հակառակորդը հետ է շպրտվել: Ունի նաև կորուստներ»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ նշելով, թե դեռևս հստակ չեն կարող ասել՝ քանի զոհ ունի հակառակորդը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

2014-ին Ադսրբեջանը դիվերսիայի 27 փորձ է կատարել: Առավել լարված էր իրավիճակը հուլիս-օգոստոսին, այն ժամանակ Ադրբեջանը հայտարարեց հրադադարից հետո կորուստների ամենամեծ քանակի մասին:

Photo: Novoye-vremya.com