4 հունվարի 2015 - 15:32 AMT
Ստամբուլում քրիստոնեական եկեղեցի կկառուցվի. Այն կլինի առաջինը 1923-ից ի վեր

Թուրքիայում առաջին անգամ կկառուցվի քրիստոնեական եկեղեցի 1923-ին Օսմանյան կայսրության անկումից ի վեր: Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով։

Արամեական քրիստոնյաների համար նախատեսված տաճարը կկառուցվի Ստամբուլի Էշիլքյոյ թաղամասում։ Կառավարության նման որոշման մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է ոչ մուսուլսմանական կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Tert.am-ը գրում է, որ Թուրքիայում արդեն կառուցված եկեղեցիները վերականգնվել և վերանորոգվել են, սակայն նոր եկեղեցի կառուցել կառավարությունը մինչև այդ չի թույլատրել։

Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Թուրքիա այցից հետո։

Հռոմի պապը նոյեմբերի 28-ին Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կրոնական հանդուրժողականության և երկխոսություն սկսելու կոչ է արել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում: Ելույթ ունենալով Անկարայում՝ Ֆրանցիսկոս պապը բոլոր կրոնների հետևորդներին կոչ է արել հարգել մարդկային կյանքը, արժանապատվությունը և կրոնական ազատությունը: