6 հունվարի 2015 - 14:04 AMT
Ուրուգվայը կոչ է անում միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ուրուգվայի արտգործնախարարությունը հունվարի 4-ին կոչ է արել միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը, գրում է Prensa Armenia-ն։

Արտգործնախարար Լուիս Ալմագրոն հանդիպել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում։ Նա քննադատել է Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու համար և կարևորել ղարաբաղյան խնդրի հրատապ կարգավորումը՝ «հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ որպես անկախ պետություն՝ 1918-ի մայիս-1920-ի դեկտեմբեր ժամանակահատվածի սահմաններով»:

Ուրուգվայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ հաշվի են առնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և նրա եզրակացությունները ԼՂՀ ճանաչման վերջնական որոշումն ընդունելու համար։

Ուրուգվայի արտգործնախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հնարավորության շուրջ քննարկումները սկսել է 2011-ից։ «Այդ ժամանակվանից ի վեր հանդիպումներ են տեղի ունեցել Ուրուգվայի կառավարության կանցլերի ու բարձրաստիճան պաշտոնյաների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ու դեսպանների հետ»,- ասել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը, մեջբերում է Civilnet-ը։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը 2011-ի դեկտեմբերին այցելել էր Ուրուգվայ, հանդիպումներ ունեցել այդ երկրի օրենսդիր մարմնում։ 2012-ի նոյեմբերին Ուրուգվայի խորհրդարանականների պատվիրակությունն էր այցելել Լեռնային Ղարաբաղ։ 2014-ի հուլիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ուրուգվայ կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Խոսե Մուջիկայի հետ ստորագրվել է համատեղ հայտարարություն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։