7 հունվարի 2015 - 13:58 AMT
Էրդողանը` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ. Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել «պատմական փաստերը»

Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում 1915 թվականի իրադարձությունները։ Ըստ ադրբեջանական Vesti.az կայքի, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովում։

Թուրքիայի նախագահն իր ելույթում նշել է, որ այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը։ Թուրքիայի նախագահի ելույթի այս հատվածը փոխանցում է ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական TRT Haber-ը։

APA գործակալությունը, վկայակոչելով CNN Turk հեռուստաընկերությունը, հաղորդում է, որ Էրդողանը ճաշի է հրավիրել համաժողովին մասնակցած Թուրքիայի դեսպաններին և ճաշկերույթի ընթացքում խոսել նաև հայկական հարցերից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ այս հաղորդագրության, Էրդողանն ասել է, թե հայերը գերադասում են իրենց էներգիան վատնել «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը» քաղաքականացնելու վրա։

«Այս կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դրսում լայնածավալ գործունեություն է տանում։ 2015 թվականին նախարարությունը և համապատասխան այլ կառույցներ աշխատելու են համակարգված։ Ես համոզված եմ, որ նրանք կարող են հաղթահարել անհիմն մեղադրանքները», - դեսպանների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահը։

Աշխարհի երկրներում հավատարմագրված Թուրքիայի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների չորսօրյա համաժողովը սկսվել է հունվարի 5-ին։

Թուրքական Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրոպային մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում կանխակալ, միակողմանի վերաբերմունք ցուցաբերելու մեջ և նշել է, որ չնայած դրան՝ Անկարան շարունակում է Եվրամիությանը ինտեգրվելու ջանքերը։ Նա ասել է, որ արտգործնախարարությունը և կառավարությունն ընդհանրապես ամեն ինչ անում են թուրք հանրությանը ոգևորելու Եվրամիությանն անդամակցելու հեռանկարով, ջանքեր են թափում, որ Թուրքիայի քաղաքացիները կարողանան առանց վիզայի Շենգենի գոտու երկրներ մեկնել։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին՝ նա ևս մեկ անգամ պնդել է Սիրիայի տարածքում անվտանգության և ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու Անկարայի դիրքորոշումը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ, որն ավարտվել էր թուրքերի հաղթանակով, Չավուշօղլուն պլանավորել է դեսպանների համաժողովի շրջանակում հունվարի 9-ին մեկօրյա այց կատարել Չանքալայի նահանգ։

Իսկ «Անադոլու» լրատվական գործակալությունը նաև որոշ թվաբանական տվյալներ է հաղորդում. Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան դիվանագիտական ներուժի տեսանկյունից դարձել է աշխարհի 6-րդ երկիրը։ Թուրքիան աշխարհով մեկ 228 դեսպանուտ և դիվանագիտական ներկայացուցչություն ունի։ Ւսկ Ստամբուլն այստեղ գործող բազմաթիվ երկրների գլխավոր հյուպատոսությունների թվով դարձել է աշխարհի երկրորդ քաղաքը Նյու Յորքից հետո։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` ասելով, թե թույլ չեն տա Հայաստանին 1915-ի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն: Նրա խոսքով՝ Թուրքիան հետևում է այդ ուղղությամբ Հայաստանի գործողություններին:

Արտգործնախարարը նշել է, որ 2014-ին Հայաստանը և հայկական լոբբին այդ բնագավառում հատուկ ակտիվություն են դրսևորել.«Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան դա անպատասխան կթողնի»:Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է հանձնաժողով ստեղծել 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար: