12 հունվարի 2015 - 15:19 AMT
«Արևելյան գործընկերության» հայեցակարգը կարող է վերանայվել

«Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթնաժողովը տեղի կունենա Ռիգայում ընթացիկ տարվա մայիսի 21-22, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մենք ունենք Լատվիայի կառավարության ամբողջական աջակցությունը: Մենք պետք է կոնկրետ արդյունքների հասնենք մինչ գագաթնաժողովը: Չեմ ցանկանում նախնական սպասումներ ձևավորել հանրության շրջանում, սակայն մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ: Մնացածը կախված կլինի ընդհանուր իրավիճակից ու Վրաստանի ու ԵՄ հարաբերություններից»,-հայտարարել է Ղարիբաշվիլին լրագրողներին՝ ամփոփելով իր այցի արդյունքները Լատվիա, որտեղ նա եղել է հունվարի 9-10-ը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրացական կողմը հուսով է, որ որոշում կկայացվի Եվրամիության հետ վիզաներից զերծ ռեժիմի մասին: Լատվիան ԵՄ նախագահող երկիրն է, իսկ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքեցին 2014-ի հունիսի 27-ին:

Ավելի վաղ, 2014-ի հուլիսին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հանդեպ մոտեցումների փոփոխման անհրաժեշտության մասին: Իր դիրքորոշումը պաշտոնյան հրապարակեց Կիևում՝ նշելով, որ ծրագրի հայեցակարգի փոփոխության մասին հարկ կլինի խոսել 2015-ի ամռանը ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում:

Իսկ մինչ այդ, ասել է լատվիացի դիվանագետը, Եվրամիությունը պետք է ուժերը կենտրոնացնի այն երկրների հետ աշխատանքի վրա, որոնք արդեն ստորագրել են ԵՄ հետ ասոցացումը, քանի որ փաստաթղթերի վավերացումը ճանապարհի սկիզբն է միայն:

Հետխորհրդային հանրապետությունների՝ ասոցացման մասին համաձայնագիրը չստորագրած Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, հետ գործակցության մոտեցումների վերանայման հարցում, որոշիչ դարձան իրադարձություններն Ուկրաինայում:

Ասվել է նաև, որ այսուհետ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրներին կառաջարկվեն ստորագրման համար ոչ թե նախկինի պես համապարփակ փաստաթղթեր, այլ նվազ պարտավորեցնող պայմանագրեր:

Առաջին երկիրը, որին գործակցություն առաջարկվեց նորացված սխեմայով, Հայաստանն էր: Փաստորեն, փոփոխությունն այն է, որ Երևանը կարող է ստորագրել ասոցացման մասին համաձայնագրի մի մասը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ: