14 հունվարի 2015 - 15:04 AMT
Թուրքիայում առաջարկում են դիվանագիտական անձեռնմխելիություն տալ Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված Փերինչեքին

Թուրքական քրեական օրենսգրքի մասնագետ, պրոֆեսոր Էրսան Շենն ու փաստաբան Մահմութ Ջան Շենյուրթը պատրաստել ու հրապարակել են մի հոդված, որում անդրադարձել են Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հունվարի 28-ին թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով կայանալիք դատավարությանն ու կարևորել են Փերինչեքի մասնակցությունը դրան, տեղեկացնում է Tert.am-ը` վկայակոչելով թուրքական «Այդընլըք» թերթը:

«Հաշվի առնելով գործի կարևորությունը Թուրքիայի համար՝ լավ կլիներ Փերինչեքին դիվանագիտական անձեռնմխելիություն տրվեր: Այս առումով համապատասխան գնահատականը պետք է տա Թուրքիայի կառավարությունը՝ Արտգործնախարարության միջոցով»,-գրել են թուրք մասնագետները:

Շենն ու Շենյուրթը նշել են, որ այն, որ «1915թ.-ին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, ոչ թե Դողու Փերինչեքի անձնական տեսակետն է, այլ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական թեզը»: «Այս դատավարությունն առնչվում է այդ թեզերի իրավական ապագային»,- կարծում են մասնագետները:

Փերինչեքին և Ստրասբուրգում կայանալիք դատավարությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև թուրքական որոշ կազմակերպություններ:

Մասնավորապես, «Աթաթուրքական գաղափարների միության» ղեկավար Թանսել Չոլաշանը նշել է, որ այդ դատավարությունը ոչ թե մի մարդու, այլ ողջ Թուրքիային է առնչվում և, հետևաբար, հունվարի 28-ին թուրքական պատվիրակությանը սատարելն իրենց պարտականությունն է:

«Մեր կազմակերպությունը հայկական կեղծ պնդումներն աշխարհին ներկայացնելու համար տարբեր լեզուներով թարգմանված բրոշյուրներ ու խտասկավառակներ է պատրաստում: Իսկ Ստրասբուրգ մեկնող «Թալեաթ փաշա» կոմիտեի պատվիրակությանը միանալը և այս դատավարությանն աջակցելը մեր պարտականությունն է»,-ասել է նա:

Դեռևս 2005 թվականին, Շվեյցարիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց հետո, Փերինչեքը մեղավոր ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Երբ Շվեյցարիայի դաշնային դատարանը (Գերագույն դատարանը) հաստատեց նրա պատիժը, Փերինչեքը 2008-ի դատավճիռը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): 2013-ի դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ի յոթ դատավորից հինգը որոշում կայացրեց հօգուտ Փերինչեքի՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանները խախտել են նրա խոսքի ազատության իրավունքը: Երեք ամիս անց Շվեյցարիան ՄԻԵԴ-ի սխալ որոշումը բողոքարկեց դատարանի 17 անդամից բաղկացած Մեծ պալատում, որը նախատեսում է 2015-ի հունվարի 28-ին վերաքննել ավելի վաղ ընդունված դատավճիռը:

Կարդացեք նաև. Հունաստանում Փերինչեքի խմբին թույլ չեն տվել ժխտել Ցեղասպանությունը. Նրանց վտարել են Թուրքիա