16 հունվարի 2015 - 12:08 AMT
Հայոց ցեղասպանության համար վրեժխնդրության հետքերով. «Նեմեսիս գործողություն» գիրքը՝ Քեմբրիջում

Բրիտանական Ուոբրնում մեծացած դերասան, գրող Էրիկ Բոգոսյանը Քեմբրիջի Սուրբ Երրորդություն եկեղեցում հակիրճ խոսել է իր «Նեմեսիս գործողություն» գրքի մասին, որը ներկայացնում է 1915-ից սկսված Հայոց ցեղասպանության համար պատասխանատու Օսմանյան Թուրքիայի առաջնորդներին սպանելու դավադրությունը:

The Boston Globe պարբերականի փոխանցմամբ, Բոգոսյանը, ում ծնողները հայեր են, տարբեր աշխատանքներ ունի, որը ներառում է «Ռադիո զրույց» (Talk Radio) պիեսը և դրան հաջորդած ֆիլմը, երեք վեպ և գլխավոր դերը «Օրենք և կարգ. Քրեական մտադրություն» (Law and Order: Criminal Intent) հեռուստասերիալում: «Նրա առաջին՝ «Օպերացիա Նեմեսիս» վավերագրական գիրքը լույս կտեսնի ապրիլին՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին», - նշում է պարբերականը:

Բոգոսյանի գիրքը ներկայացնում է հայերի մի փոքր խմբի ջանքերը՝ հայտնաբերելու և սպանելու Օսմանյան կայսրության մի քանի առաջնորդներին, ներառյալ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, որը 1918-ին՝ վարչակարգի անկումից հետո, փախավ Թուրքիայից:

«Կլարկի համալսարանի դասախոս և Հայոց ցեղասպանության ոլորտում մեծ հեղինակություն ունեցող, Թուրքիայում ծնված Թաներ Աքչամը նույնպես խոսեց՝ անդրադառնալով Ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ազգերի լիգայի կողմից հայ կանանց և որբերի փրկությանը»,- ընդգծում է պարբերականը:

«Նեմեսիս» գործողությունը ցեղասպանության կազմակերպիչների դեմ վրեժի գործողությունների շարք էր: Հայ վրիժառուները փաստացի իրականացրեցին փախուստի մեջ գտնվող ցեղասպանության մեջ մեղավոր մարդկանց մահվան դատավճիռը, որը կայացվել էր Կոնստանդնուպոլսի դատարանի կողմից: սպանվածների թվում էին, մասնավորապես, Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ-փաշան, նախկին մեծ վեզրի Սեիդ-Խալիմ Փաշան, Տրաբզոնի նախկին ղեկավար Ջեմալ Ամզին, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Ջեմալ փաշան և այլ պատասխանատու անձինք: