15 հունվարի 2015 - 22:13 AMT
Թուրքիայի «պատասխանը». Ապրիլի 24-ին նշելու են Չանաքքալեի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակը

Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհանուր ասուլիսում հայտարարել է, թե 2015 թվականի ապրիլի 24-ին թուրքական պետությունը մեծ շուքով նշելու է Չանաքքալեի ճակատամարտում հաղթանակի 100-րդ տարին:

Էրդողանը նշել է, որ այդ օրը Թուրքիա կհրավիրվեն մի շարք պետությունների ղեկավարներ, հաղորդում է Trend.az-ը:

Չանաքքալեի ճակատամարտ տեղի է ունցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրների նավերին մտնել Դարդանելի(Չանաքքալեի) նեղուց: Օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին:

Մայիսին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի 4-րդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015-ի ապրիլի 24-ին և առերեսվել սեփական պատմությանը»:

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդման արարողության շրջանակում պատվիրակությունների ղեկավարների պատվին տված ընդունելության ժամանակ կարճ զրույց ունեցավ Էրդողանի հետ և փոխանցեց նրան ՀՀ նախագահի Երևան այցելելու և 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավերը:

Photo: Haberler