17 հունվարի 2015 - 15:00 AMT
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը պարզաբանել է Ցեղասպանության մասին իր հայտարարությունը

ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն պարզաբանել է իր հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հայտնում է Asbarez.com-ը, ԱՄՆ և Ֆրանսիայի հայ համայնքների դժգոհությունն առաջացրած հեռուստաեթերից հետո, դեսպանը պարզաբանումով նամակ է ուղարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA):

Հունվարի 12-ին NBC News-ի եթերում հաղորդավարը, անդրադառնալով Charlie Hebdo-ի վրա հարձակմանն ու խոսքի ազատությանը Ֆրանսիայում, նշել է, որ այդ երկրում գործում են Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող օրենքներ:

Ի պատասխան դեսպանը հայտարարեց, որ «իրականում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք չկա: Կա միայն օրենք Հոլոքոսթի ժխտման մասին, քանի որ դա կարծիք չէ, Հոլոքոսթը եղել է: Այնպես որ, երբ դուք ասում եք, որ Հոլոքոսթ չի եղել, դուք կարծիք չեք հայտնում, քանի որ դա փաստ է»:

Ավելի ուշ Nouvelles d’Armenie-ին հայտնեց, որ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը բողոքի նամակ է հղել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության կապակցությամբ: Միևնույն ժամանակ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ արեց բողոքի ակցիա կազմակերպել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան առջև:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հասցեագրված նամակում դեսպանը նշում է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել, և որ ինքը նպատակ չի ունեցել ժխտելու Հայոց ցեղասպանությունը: ժերար Արոն հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ ինքը ևս բազմիցս ասել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:

Photo: AFP