20 հունվարի 2015 - 13:51 AMT
ՀՀ-ն մտադիր է օգտվել Չինաստանի և Սոչիի միջև ուղիղ ավիաչվերթից

Հայաստանը մտադիր է օգտվել ուղիղ ավիահաղորդակցությունից Չինաստանի քաղաքների և Սոչիի միջև՝ ապրանքների առաքում կազմակերպելով: Այդ մասին պատմել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Ըստ նրա, չինացի ավիափոխադրողների առաջիկա մուտքը Սոչի մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական կողմի մոտ: Սոչիի տարածքով Հայաստանը մտադիր է չինական ապրանքների փոխադրում իրականացնել:

«Հենց որ տեղեկատվություն ստացվեց, որ մեր միջև գործարար կապեր են հաստատվում, անմիջապես դիմեցին Հայաստանի ներկայացուցիչները: Նրանց չի հետաքրքրում զբոսաշրջությունը: Նրանք մտածում են` ինչպես կարելի է օգտագործել ավիահաղորդակցությունն այդ ուղղությամբ Չինաստանից ՀՀ ապրանքների փոխադրման համար»,- ասել է Պախոմովը, մեջբերում է Yuga.ru-ն:

Սոչիի քաղաքապետը վստահ է, որ Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը կազդի գործարար ակտիվության վրա ոչ միայն Սոչիում, այլև Ռուսաստանի հարավի մյուս քաղաքներում:

Ըստ նախնական տվյալների, ավիաչվերթների մեկնարկը նախատեսվում է հունիսին: Ինքնաթիռները Սոչին կկապեն Պեկինին և Գուանչժոուին: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Չինաստան ռուսական պատվիրակության այցի շրջանակում:

2014-ի առաջին 11 ամսում Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 533,59 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 28%-ով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վկայում են, որհաշվետու ամիսների արդյունքներով Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 9.9%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 132,08 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 344,38 մլն ԱՄՆ դոլար:Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումը աճել է 2,5 անգամ, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 7%-ով: Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 11.2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 9.5%: